Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Հանդիպմանը, որին ներկա են եղել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով` ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակության մասնակցությամբ:
Քննարկված հարցերի շարքում առանձնակի ուշադրություն է դարձվել բանակի պարենային և իրային ապահովման, կոմունալ շինարարության հիմնախնդիրներին:
Նախագահ Սահակյանն իր խոսքում կարևորել է այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին նոր որակ հաղորդելու և երկարաժամկետ ծրագրեր մշակելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ նման մոտեցումը լուրջ խթան կհանդիսանա ամբողջ պետության տնտեսական զարգացման և երկրի ներուժի արդյունավետ օգտագործման համար:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: