Ճանապարհային ոստիկանությունը օգոստոսի 31-ին ներկայացրել է տվյալներ, որոնց համաձայն, այս տարի ավտովթարներից զոհվել է 150 և վիրավորվել 2794 մարդ։ Ըստ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատահարների քանակը նվազել է 174-ով, զոհերի թիվը 53-ով է կրճատվել, իսկ վիրավորների թիվը՝ 253-ով:
Եվ սա այն պարագայում, որ Հայաստանում ուղղակի սնկի նման աճել են արագաչափերն ու նկարահանող տեսախցիկները, որոնք, ըստ «գաղափարի», պետք է կարգավորեին ճանապարհային երթևեկությունը, պետք է ապահովեին այդ երթևեկության անվտանգության ավելի մեծ մակարդակ, պետք է բերեին նրան, որ էապես նվազեին պատահարներն ու հատկապես մահվան ելքով վթարներն ու վրաերթերը: Որովհետև, եթե արագաչափերի և տեսախցիկների տեղադրման նպատակը դա չէր, ապա որևէ այլ նպատակ ուղղակի քննարկել անգամ չարժե՝ ինչպիսին էլ որ լինի այդ այլ նպատակը: Սակայն, փաստորեն, պարզվում է, որ արագաչափերն ու տեսախցիկները ոչ միայն իրավիճակ չեն փոխում, այլ ավելին՝ իրավիճակը 2014 թվականի համեմատ ավելի վատացել է:
Իհարկե, ՃՈ-ն ներկայացնում է, որ 2015-ի համեմատ պատահարները նվազել են, սակայն դա ըստ էության արդեն ոչ թե աշխատանքի արդյունավետության, այլ ընդամենն արագաչափերի և տեսանկարահանման սարքերի «դեմքը փրկելու» համար է: Խնդիրն այն է, որ չափման միավորը ոչ թե դրանց կիրառման առաջին ժամանակաշրջանն է, այլ հենց դրան հաջորդող փուլը, երբ հանրության համար անցնում է, այսպես ասած, «շոկային էֆեկտը»: Սարքավորումների կիրառման էֆեկտիվությունը չափվում է հենց այդ էֆեկտի անցումից հետո, երբ հանրությունն, այսպես ասած, սովորում է այդ սարքերին, դրանք դառնում են առօրյայի մի մաս: Եվ երբ դրանք դառնում են առօրյայի մաս, ապա պարզվում է, որ ըստ էության ոչ մի արդյունավետ փոփոխություն չեն կատարել առօրյայում:
Միակ բանը, որ փոխվել է դեպի լավը, դա իհարկե արագաչափեր ու տեսախցիկներ տեղադրող ու շահագործող մասնավոր հայտնի ընկերության սեփականատերերի բանկային հաշիվներն են, այն միլիարդների տեսքով, որ ռեկորդային կարճ ժամանակում կուտակվել են տուգանքներից: Ներկայացված վիճակագրությունն, ըստ էության, խոսում է ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնակարգման ոլորտում քաղաքականության լիակատար տապալման մասին: Ավելին՝ երևի թե առավել ճիշտ է խոսել քաղաքականության բացակայության մասին: Եղել է ընդամենը բիզնես, և ոչ մի քաղաքականություն… Տեղադրվել են արագաչափեր ու տեսախցիկներ, հավաքվել են փողեր:
Հանրային արդյունքը չի մտահոգել որևէ մեկին: Իսկ հետևանքն այն է, որ Հայաստանի ավտոճանապարհներին տեղի է ունեցել գրեթե «ցեղասպանություն»: Մահվան ելքով պատահարների քանակը, կամ պատահարների հետևանքով առողջությունից, ֆիզիկական լիարժեքությունից զրկվող քաղաքացիների թիվն այնպիսին է, որ միարժեք կարելի է խոսել ժողովրդագրական պատկերին սպառնացող լրջագույն վտանգի մասին: Մինչդեռ Հայաստանում ճանապարհային երթևեկության ոլորտում առայժմ միակ իրական, արդյունավետ բարեփոխում, այսինքն՝ քաղաքականության դրվագ հնարավոր է համարել ամրագոտիների մշակույթի ներդրումը:
Դրան զուգահեռ, մյուս երկու, այսպես ասած, բարեփոխումները՝ ԱՊՊԱ-ի ներդրումը և սարքավորումների կիրառումը, ըստ էության ավարտվել են ընդամենը բիզնես իրականացնող սուբյեկտների համար լրացուցիչ եկամտային աղբյուրներ ապահովելով, իսկ առկա իրավիճակի բարելավման վրա համակարգային ազդեցություն դրանք չեն թողել: Ավելին՝ սարքավորումների կիրառումը հանգեցրել է մի իրավիճակի, երբ դրանք վարորդներին դրել են նյարդային բավական լարված վիճակում: Առավել ևս, որ սարքավորումների կիրառումը կատարվում է ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներին խիստ անհամարժեք տրամաբանությամբ, ինչի վկայությունն է այն, որ դրանց զգալի մասը կիրառվում են այնպիսի հատվածներում, որտեղ ըստ էության երթևեկությունն իր ինտենսիվությամբ և որակով մինչ այժմ չի ստեղծել մարդկանց կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ: Այսինքն՝ դա վկայում է, որ գլխավոր նպատակն այդ սպառնալիքների չեզոքացումը չէ, այլ ինչ-որ մարդկանց հարստացումը:
Ստացվում է իսկապես պարադոքսալ ու զավեշտալի պատկեր՝ ոստիկանությունը հսկայական ուժեր է գործադրում օրինակ՝ Խորենացի փողոցում կամ Ազատության հրապարակում կամ որևէ այլ ակցիայի վայրում գրեթե մեկ վրան տեղադրել թույլ չտալու համար, այն դեպքում, երբ դա չի սպառնում գրեթե մեկ մարդու կյանքին ու առողջությանը, իսկ ահա մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող թաղանթներ թույլ չտալու հարցում ոստիկանությունն անզոր է, անգործ: Մեծ հաշվով, սա խորհրդանշում է ճանապարհային երթևեկության անվտանգության խնդրի հանդեպ Հայաստանի իշխանական համակարգի ամբողջական վերաբերմունքը, անտարբերությունը, որ ցուցաբերվում է ճանապարհներին տեղի ունեցողի հանդեպ:
Մինչդեռ, մեծ հաշվով, այս ոլորտը հանդիսանում է թե՛ հասարակության, թե՛ պետականության առանցքային բնորոշիչներից մեկը: Մեծ հաշվով, ճանապարհային երթևեկությունը հասարակության, պետականության իրավա-քաղաքակրթական հասունության վկայականն է: Դժբախտաբար, Հայաստանի պարագայում ճանապարհային երթևեկությունն ավելի շուտ վերածվում է պետականության «թերհասության» վկայականի, եթե չանենք շատ ավելի տխուր եզրահանգում:











































