Սիրիայում հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը հակասական է, քանի որ ուղղված է իշխանության ղեկին Բաշար Ասադի պահպանմանը, այլ ոչ թե քաղաքական անցմանը՝ հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը։
Լրագրողների հետ զրույցում Էռնեստը հիշեցրել է, որ Ռուսաստանը նախկինում կողմ էր արտահայտվել Սիրիայում քաղաքական անցմանը, որն անհրաժեշտ է այդ երկրում բազմաթիվ «արմատական խնդիրների» լուծման համար։ Սակայն դրա հետ մեկտեղ, նրա խոսքով՝ Ռուսաստանը հովանավորում է Ասադի ռեժիմը՝ ի դեմս ռազմական նպատակներով քլորի օգտագործման անհերքելի ապացույցների։
«Նրանց ռազմավարությունում առկա է հիմնարար հակասություն։ Նրանք ասում են, որ քաղաքական անցումն անհրաժեշտ է, սակայն Սիրիայում և ՄԱԿ-ում ձեռնարկում են քայլեր՝ Ասադին թույլ տալով կառչել իշխանությունից»,- ասել է Էռնեստը՝ փոխանցում է Սպիտակ տունը։
Մամլո քարտուղարը հավելել է, որ նման հակասությունները հարց են բարձրացնում Ասադի վրա ազդեցության օգտագործման և Սիրիայի իրավիճակում արդյունավետորեն ներդրում անելու Ռուսաստանի ունակությունների վերաբերյալ։









































