Այն, որ ՀՀԿ-ն չի ուզում ոչ մի տեղ զիջել, դա փաստ է և ամեն ինչ անում է, որ իր թեկնածուները միշտ էլ առաջին տեղը գրավեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Պռոշյանի և Հովիտի գյուղապետերի ընտրություններին: Հիշեցնենք, որ գյուղական երկու համայնքներում երեկ անցկացված գյուղապետի արտահերթ ընտրություններում էլ հաղթել են Հանրապետական կուսակցության անդամները։ «Դա շատ նորմալ երևույթ է։ Ես չեմ կարծում, որ երբևէ իշխող կուսակցություն որևէ երկրում, եթե իհարկե ունի հնարավորություն, չստանա առավելություն և թույլ տա որ այլ կուսակցության և ոչ միայն այն կուսակցության, որ կոալիցիա չի մտնում, այլ ընդդիմադիր կուսակցություն, հասնի առավելության։ Այստեղ խնդիրը հետևյալն է, որ Հանրապետական կուսակցությունը երկու գյուղերում էլ շատ քիչ ձայների առավելությամբ է հաղթանակ տարել»,- ասաց Գագիկ Համբարյանը:
Ըստ քաղաքագետի՝ Հանրապետական կուսակցությունը, ինչքան էլ առաջին տեղը գրավի, շատ լավ պետք է հասկանա, որ եթե արտահերթ ընտրություններում այդպիսի դժվարությամբ է առաջին տեղը գրավում, ապա հաջորդ ընտրություններում, երբ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը էլ ավելի վատթարանա, ինքն արդեն իսկ շանսեր չունի. «Հանրապետական կուսակցությունը մեծամասամբ հաղթել է գյուղական վայրերում, հիմա մենք տեսնում ենք, որ կա խնդիր, և ոչ թե կուսակցությանն են ձայն տալիս, այլ ավելի անձնավորված է: Այդուհանդերձ մենք տեսնում ենք, որ ՀՀԿ-ն արդեն շատ մեծ դժվարությամբ է առաջին տեղը զբաղեցնում»:
Մեր այն հարցին, որ երկու գյուղերում էլ ՀՀԿ ներկայացուցիչներն առաջադրվել և պարտվել էին նախորդ ընտրություններում, ո՞րն է պատճառը որ նորից առաջադրեցին նույն թեկնածուներին, Գագիկ Համբարյանը պատասխանեց. «Շատ-շատ բարդ չմտածենք. այդ ամենի մեջ ավելի վատ բան չկա, պարզապես կադրային քաղց է, այսինքն Հանրապետականը եթե ունենար ավելի լավ թեկնածուներ, հաստատ նրանցով հանդես կգար, հիմա ինքը չունի այդ հնարավորությունը և յոլա է գնում հին պաշարներով»:
Հիշեցնենք, որ երեկ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում անցկացված գյուղապետի արտահերթ ընտրություններում ընտրվեց ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը, իսկ Շիրակի մարզի Հովիտ գյուղում՝ ՀՀԿ-ական Ավետիք Սերոբյանը:









































