Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս-Պետեր Դոսկոցիլը «անպատասխանատու» է անվանել Գերմանիայի կանցելր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությունը և հայտարարել, որ Ավստրիան Գերմանիայի «սպասման սենյակը» չէ: Այս մասին նա ասել է Krone թերթին տված հարցազրույցում:
Նախարարի խոսքով՝ Մերկելի «Մենք կարող ենք դա անել» արտահայտությունը, որը հաճախ է հնչում նրա շուրթերից միգրացիոն ճգնաժամի հետ կապված, միայն ավելորդ անգամ ներգաղթյալներին գրավում է դեպի Եվրոպա: Դոսկոցիլի կարծիքով՝ դրա փոխարեն պետք է նայել ներգաղթյալներով լեփ-լեցուն Իտալիային, որին թողել են միայնակ՝ հաղթահարելու ներգաղթյալների հոսքը:
«Երբ Միլանի մեջտեղում պետք է լինում վրաններ տեղադրել փախստականների համար, ոչ ոք չի կարող լրջորեն պնդել, որ մենք խելամտորեն վերահսկում ենք մարդկանց այդ հոսքը»,- ասել է Դոսկոցիլը:
Նա կոչ է արել հնարավորինս շուտ կազմակերպել եվրոպական երկրների ներկայացուցիչների հանդիպում՝ միջոցառումների քննարկման և ծագման երկրներ ներգաղթյալների վերադարձն արագացնելու նպատակով պայմանավորվածություններ կնքելու համար: «Քաղաքականություն չէ, երբ Եվրոպան հոգեվարքի վիճակում է և միևնույն ժամանակ գլուխը թաքցնում է ավազների մեջ»,- ասել է նա:







































