Այսօր՝ հուլիսի 14-ին, Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում արտահերթ ընտրություններ են:
26-01 ընտրատեղամասում 14.40-ի դրությամբ 1993 ընտրողից մասնակցել է 815-ը: Հանձնաժողովի նախագահ Աննա Կարապետյանը բարձր է գնահատում ընտրություններին մասնակիցների ակտիվությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ թեև մտածում էին, որ լարված կլինի ընթացքը, սակայն որևէ լարվածություն չկա, ամեն ինչ հանդարտ է: ՀՅԴ-ական թեկնածու Վովա Սահակյանի վստահված անձ Ստեփան Սահակյանն էլ նշեց, որ ընտրությունների մեկնարկից մինչև այս պահը որևէ խախտում չի նկատել, «ամեն ինչ անցնում է նորմալ»:
Ի դեպ, մասնակցությունն այնքան բարձր է, որ ընտրատեղամասերում հերթեր են գոյացել:
Ոստիկանները վերահսկում են ընտրությունների ընթացքը:
Նշենք, որ Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար պայքարում են երեք ինքնաառաջադրված թեկնածուներ՝ Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը և անկուսակցական, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ–ի գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանն ապրիլի 2-ին գյուղապետարանի դիմաց սպանվել է հրազենից, իսկ Հովիտ գյուղի նախկին գյուղապետ Սամվել Պետրոսյանը փետրվարի 27-ին հանկարծամահ է եղել:







































