Իտալիայի Ակվիլա քաղաքի քաղաքագլուխ Մասիմո Չիալենտեն խոստացել է 250 բնակարան տրամադրել երկրաշարժից տուժած քաղաքների՝ օթևանից զրկված բնակիչներին։ Այս մասին հայտնել է Askanews գործակալությունը:
«Մենք ինքներս էլ ապրել ենք այդ ողբերգությունը: Եվ շատ լավ ենք հասկանում, թե ինչ վիճակում են հայտնվել մարդիկ»,¬- ասել է Չիալենտեն՝ հիշեցնելով, որ 2009 թվականի ապրիլին Ակվիլայում հուժկու երկրաշարժի հետևանքով զոհվել է 309 մարդ: Քաղաքագլխի խոսքով՝ քաղաքի բոլոր բուժհիմնարկները նույնպես պատրաստ են ընդունելու տարերքի հարվածից տուժածներին։
Վերջին տվյալներով՝ Իտալիան ցնցած երկրաշարժն առնվազն 37 մարդու կյանք է խլել։










































