Շաբաթ օրը Բութանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր ամենախոշոր կուսակցությունը: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաընկերությունը:
Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանի ստորին պալատում 47 տեղերից ստացել է 32-ը: Ընտրություններից առաջ կուսակցությունն ընդամենը 2 տեղ էր զբաղեցնում:
Համաձայն կանխատեսումների՝ պետք է հաղթեր իշխող՝ Խաղաղության և բարգավաճման կուսակցությունը, որը ղեկավարում էին թագավորի մտերիմ խորհրդականները: Սակայն մեծամասնության աջակցությունը սկսեց վայելել ընդդիմությունը այն բանից հետո, երբ հարևան Հնդկաստանը Բութանին զրկեց կենցաղային գազի և կերոսինի սուբսիդիաներից, ինչի պատճառով էլ երկրում կտրուկ աճեցին վառելանյութի գները:
Սրանք 2-րդ ընտրություններն էին 2008թ.-ից ի վեր, երբ Բութանը բացառապես միապետական կառավարման համակարգից անցում կատարեց սահմանադրականին:









































