Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ կսահմանի 2017 թվականի հունվարի 1-ից: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է «Ազատություն» ռադիոկայանի բրյուսելյան թղթակից Ռիկարդ Յոզվակը:
«ԵՄ պատգամավորները հոկտեմբերին են ակնկալում Վրաստանի ու Ուկրաինայի համար առանց վիզային ռեժիմի ներդրման մասին Եվրախորհրդարանի ու ԵՄ Խորհրդի վերջնական որոշմանը, իսկ առանց վիզային ռեժիմի սահմանումն ակնկալում են 2017 թվականի հունվարի 1-ից»:
2015 թվականի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը զեկույց էր ներկայացրել, որում նշել էր, որ Վրաստանը կատարել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Եթե եվրոպացի պատգամավորները հավանության արժանացնեն օրինագիծը, ապա Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի Շենգենյան գոտու երկրներում գտնվել 180 օրից 90 օրը: Վրաստանում հուսով էին, որ ԵՄ-ն առանց վիզային ռեժիմ կտրամադրի ընթացիկ ամռանը, սակայն հարցին խոչընդոտել են Գերմանիան, Ֆրանսիան ու Իտալիան:










































