ԱՄՆ իշխանությունները սիրիական խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ դիտարկելու անհրաժեշտություն չեն տեսնում և փորձում են կենտրոնանալ Հալեպում իրավիճակի բարելավմանն ուղղված Ռուսաստանի հետ շփումների վրա։ Այս մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Կուկը՝ փոխանցում է Interfax-ը։
«Այժմ մենք կենտրոնացած ենք «Ա պլանի» վրա, որը նախատեսում է շփումներ Ռուսաստանի հետ՝ համոզելու նրան միջոցառումներ ընդունել Հալեպում իրավիճակի մեղմացման համար»,- ասել է նա ճեպազրույցում ՝ պատասխանելով հարցին այն մասին, թե պատրա՞ստ է Վաշինգտոնը կիրառել այլընտրանքային «Բ պլանը», եթե պարզվի, որ հակամարտության կարգավորման ներկայիս փորձերը ձախողվել են։
Նրա խոսքով՝ հստակ օրացույց, որը նախատեսի անցում «Բ պլանին», չկա։









































