Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Պետանվտանգության ծառայությանը՝ երկրի տարածքում ահաբեկչական ակտի փորձը կանխելու համար:
Այսօր հայտնի է դարձել 7 մարդու ձերբակալման մասին, որոնք մեղադրվում են Սագուրամո գյուղի մոտ Վրաստանի տարածքով անցնող «Ռուսաստան-Հայաստան» գազատարի Արագվի գետով անցնող հատվածը պայթեցնելու փորձի համար:
Կվիրիկաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Պետական անվտանգության ծառայությունն աշխատել է շատ արդյունավետորեն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր անձանց, որոնք մասնակցել են տվյալ գործողությանը, քանի որ մենք խուսափեցինք մեծ աղետից:
Շատ կարևոր է անցկացնել նմանատիպ ժամանակին ու արդյունավետ միջոցառումներ: Կարելի է ասել մեկ բան. ակնհայտ է, որ հաջողվեց խուսափել շատ մեծ սպառնալիքից, ինչի համար շնորհակալություն պետք է հայտնել Պետական անվտանգության ծառայությանը»:







































