Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիական Peugeot ավտոարտադրող հսկան մոտ ժամանակներս պետք է սկսի Իրանին փոխհատուցում վճարելու գործընթացը՝ մինչ ԵՄ-ի կողմից պատժամիջոցների վերացումը երկրից կապիտալը հանկարծակի դուրս բերելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության ու առևտրի նախարարության՝ ավտոմոբիլային դեպարտամենտի գլխավոր տնօրեն Հոսեին Ջանատին:
Նրա խոսքով՝ փոխհատուցման չափը կհստակեցվի Իրանի առաջատար ավտոարտադրող Iran Khodro-ի հետ քննարկումներում: Peugeot-ն Իրանում վաճառքը դադարեցրել է 2012 թվականին, երբ երկրի դեմ սահմանվել են միջազգային պատժամիջոցներ, որոնք տարածվել են նաև ավտոմոբիլային սեկտորի վրա:
Այս տարվա հունվարին Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերացումից անմիջապես անց PSA Peugeot Citroën և Iran Khodro ընկերությունները համաձայնագիր են ստորագրել համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին, որն Իրանում կարտադրի վերջին սերնդի ավտոմեքենաներ:










































