«Կանխենք գազի գնի թանկացումը» նախաձեռնության անդամներ Անդրիաս Ղուկասյանը, Անի Կաղինյանը և Արամ Գրիգորյանը առաջարկում են «ՀայՌուսԳազարդին» պատկանող 20 տոկոս բաժնեմասերը վաճառել ոչ թե ռուսական կողմին, այլ ՀՀ քաղաքացիներին: Այս մասին նրանք հայտարարեցին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Լրագրողների դիտարկմանը, թե հանրության մեջ է մտնում նաև գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, և հնարավոր է նա գնի, Արամ Գրիգորյանն ասաց․ «Ավելի լավ է նա գնի, քան Ռուսաստանը»:
Ի դեպ, բանախոսները մտահոգություն ունեն, որ այդ 20 տոկոսն արդեն չկա, քանզի ինչպես հանրությունից գաղտնի են պահվում բոլոր փաստաթղթերը, այդպես դա հնարավոր է արդեն իսկ վաճառվել է: Թեպետ Անի Կաղինյանը նշեց, որ իրենք Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն նամակ են գրել՝ հետաքրքրվելով, թե այդ 20 տոկոսն ինչ վիճակում է, ինչին ի պատասխան նրանց ուղարկված նամակում գրված է՝ բանակցությունները դեռ ընթանում են:
«Առաջին լրատվական»-ը Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի «Գազպրոմի» մամլո խոսնակ Սերգեյ Կուպրիանովի այն հայտարարության մասին, թե «Գազպրոմը» պատրաստ է գազի գինը թողնել նույնը այդ 20 տոկոսի դիմաց․ «Մենք բազմաթիվ հայտարարություններ ենք լսել, Սերժ Սարգսյանն էլ Երևանի ավագանու ընտրություններից առաջ հայտարարեց, որ գազի գինն ընդհանրապես չի թանկանալու, Կուպրիանովի նման ամեն մեկը կարող է կարծիքներ հայտնել, հետագայում իրենց ասածների դիմաց պատասխանատվություն չկրել: Կուպրիանովը և մնացածները նման հայտարարություն անում են ի շահ իրենց:
Նախաձեռնության անդամները հայտնեցին մեկ այլ մտահոգություն ևս՝ կապված «ՀայՌուսգազարդի» դիմումի հետ, որն ուղված էր Հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովին: Մասնավորապես Ա․ Ղուկասյանը նշեց, որ դիմումն ամբողջությամբ եղել է ռուսերեն, ինչը հակասում է Հայաստանի լեզվի մասին օրենքին: Այդ պատճառով նրանք պատրաստվում են դիմել Վարչական դատարան, քանզի կարծում են, որ դա Լեզվի մասին օրենքի կոպտագույն խախտում է:
Բանախոսներից Արամ Գրիգորյանն էլ նշեց, որ եթե այդ 20 տոկոսը վաճառվի Ռուսաստանին ՝ դա կարվի ոչ թե ի շահ ժողովրդի, այլ «ՀայՌուսգազարդը» կփակի իր 60 միլիարդ դրամի վնասը․ «Ընդհանրապես այդ 20 տոկոսն իրավունք ունի վաճառել միայն Հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովը, մենք պահանջելու ենք, որ ներկա լինենք այդ քննարկումներին»:







































