Հանրապետությունում մի քանի շաբաթ է, ինչ ընթանում է պտուղ-բանջարեղենի մթերումը: Արդեն արտահանվել է շուրջ 32 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որից 18 հազար 200 տոննան ծիրան է, նախորդ ամբողջ տարում՝ 31 հազար 700 տոննա պտուղ-բանջարեղեն է արտահանվել: Այսինքն՝ հուլիսի 13-ի դրությամբ անցած տարվա մթերումների ամբողջ ծավալը գերազանցվել է՝ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
«Հանրապետությունում մթերվել է 10 հազար 600 տոննա պտուղ, որից 10 հազար 108 տոննան ծիրան է: Անցած տարի նույն օրվա դրությամբ մթերվել էր 4 հազար 480 տոննա ծիրան: Մթերման, ինչպես նաև արտահանման ծավալներն այս տարի նախորդ տարվա հուլիսի 13-ի համեմատ ավելացել են: Վճարումները որոշ կազմակերպություններ կատարում են տեղում կամ բանկային, քարտային կտրոնների միջոցով՝ մեկ-երկու օրվա ընթացքում, կան կազմակերպություններ էլ, որ պայմանագիր են կնքում և 7-10 օրվա ընթացքում վճարումներն իրականացնում են»,- ասաց գյուղատնտեսության փոխնախարարը:
Նա նշեց, որ վերամշակվող ծիրանի գները տատանվում են 40-50 դրամի սահմաններում, խոսքը կարկտահարված, անորակ ծիրանի մասին է: Իսկ արտահանվող ծիրանն ավելի բարձր գին ունի և էլի բարձրանում է, օրինակ՝ Արագածոտնի մարզում արտահանվող ծիրանը մթերվում է 600-700 դրամով: Արտահանվող ծիրանի նվազագույն արժեքը 200-250 դրամ է:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի








































