Այսօր կամ վաղը կքննվի Վահագն Չախալյանի եղբոր գործով նրա ծնողների վերաքննիչ բողոքը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը:
Նա նշեց, որ Արմեն Չախալյանի ծնողները հանդիպել են նաև Վրաստանի Մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչների հետ, կան առայժմ մի քանի անհասկանալի բաներ, որոնք մոտ ապագայում կճշտվեն:
Առնոլդ Ստեփանյանի խոսքերով՝ բանտախցում, իհարկե, չի կարող հարմարավետ լինել, այդուհանդերձ Արմեն Չախալյանը դժգոհություն չունի, իսկ բանտապահների վերաբերմունքը նրա նկատմամբ լավ է:
Հիշեցնենք, որ նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի կրտսեր եղբորը՝ Արմեն Չախալյանին ձերբակալել էին Վրաստանի Նինոծմինդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ: Նրանից բացի, ձերբակալվել էին նաև միջադեպի մոտ 30 մասնակիցներ, որոնց մի մասը՝ անչափահասներ: Նշենք նաև, որ Արմեն Չախալյանը ծագած ծեծկռտուքի հետ որևէ առնչություն չի ունեցել, նրան զանգահարել են, որ գա և հանդարտեցնի իրավիճակը: Վերջինս եղել է իր հարազատներից մեկի ծննդյան տարեդարձին:
Նրա եղբայրը՝ Վահագն Չախալյանը, եղբոր ձերբակալության հետ կապված, հայտարարություն էր տարածել, որում մտահոգություն էր հայտնել, որ այն քաղաքական ենթատեքստ ունի:







































