Այն, որ թե՛ Հովիկ Աբրահամյանը, թե՛ որևէ մեկը ներկայիս իշխանական համակարգում ի վիճակի չէ պայքարել մենաշնորհների և կոռուպցիայի դեմ, դա ոչ թե հոռետեսության, սուրճի բաժակ նայելու կամ համանման այլ մեթոդների արդյունքում արվող եզրակացություն է, կամ հավատալ-չհավատալու խնդիր, այլ պարզ տրամաբանություն, որը բխում է առկա իրականությունից:
Երբ որևէ մեկը նայում է ծիրանի ծառին և արձանագրում, որ դրա վրա պոմիդոր չի աճի, դա ընդամենը նույն պարզ տրամաբանությունն ու առկա իրողությունների արձանագրումն է: Հայաստանի իշխող համակարգը չի կարող «պտուղ» տալ, որովհետև այդ համակարգը ինքը սնվում է հանրային պտուղները յուրացնելով: Ավելին՝ քանի որ պտուղներն արդեն յուրացված են լիովին, այժմ յուրացվում են հանրային սերմերը: Եվ այստեղ, բնականաբար, խնդիրը Հովիկ Աբրահամյանը չէ, նույնիսկ Սերժ Սարգսյանը չէ: Որքան էլ պոպուլյար չէ այդօրինակ բաների մասին խոսելը, այդուհանդերձ այլ տարբերակ չկա, և մինչև հանրությունը չգիտակցի պարզ իրողությունները, թե ինչի հետ գործ ունի, չի կարող որևէ փոփոխություն կատարել իրավիճակում, եթե դժգոհ է դրանից: Այլ հարց է՝ դժգո՞հ է, թե՞ ոչ, կամ ինչի՞ց է դժգոհ հատկապես: Սա, իհարկե, նույնպես քննարկման առարկա է՝ այն իմաստով, որ անգամ այդ հարցում չկա միարժեքություն:
Օրինակ՝ Հայաստանի հասարակությունը դժգոհ է կոռուպցիայից ընդհանրապե՞ս՝ որպես երևույթ կամ արատ, թե՞ դժգոհ է՝ առնվազն ենթագիտակցորեն, որ ինքը չի կարողանում օգտվել այդ կոռուպցիոն համակարգից: Ընդ որում՝ այդ հարցադրումը, ամենևին նոր չլինելով, այդուհանդերձ, ամբողջությամբ ընկալված չէ իր խորությամբ, թերագնահատված է իր լրջությամբ: Վերջին հաշվով, իշխող համակարգը իր և հասարակության միջև սահմանն ու բաժանարար գիծը լղոզել է՝ խաղարկելով նաև գիտակցական կամ ենթագիտակցական այդ հանգամանքը և դրա շնորհիվ զգալիորեն սերտաճելով նաև հանրային շրջանակներում: Այստեղ է իշխող համակարգի ամրությունը, այստեղ է նրա ճկունությունը՝ ի տարբերություն հասարակության, այստեղ է մեկ քայլ առաջ հաշվելու, հասարակությունից մշտապես մեկ քայլ, առնվազն մեկ քայլ առաջ լինելու գրավականը:
Հետևաբար՝ իշխանության քայլերի հետևից հասնելու, և առավել ևս իշխանությունից, իշխող համակարգից առաջ անցնելու համար հասարակությունն ինքը պետք է հասկանա, հստակեցնի, թե ինչ է ուզում ինքը, ինչի է ինքն ի վիճակի, ունակ: Խնդիրն այլևս այստեղ է: Իշխող համակարգը ինքնին սպառված, մսխված համակարգ է, բայց կենսագործում է, որովհետև սպառված է նաև հասարակությունը: Ընդ որում՝ առկա է նաև որոշակի պարադոքսալ վիճակ՝ հասարակությունը սպառվում է, սպառվում է նաև դրանից սնուցվող համակարգը: Բայց քանի որ համակարգը հանրային սխալների հետևանքով արդեն իսկ առաջանցիկ դիրքում է, փոխադարձ այդ սպառվածության հետևանքը լինում է իրավիճակի ճահճացումը, լճացումը, բայց ստատուս քվոյի պահպանումը: Խոսքը ներքին ստատուս քվոյի մասին է:
Ըստ այդմ՝ խնդիրը հասարակության ոչ թե լիցքավորվելն է միայն, այլ լիցքավորվելը հասկանալով ու գիտակցելով նպատակները, առկա արգելքների պատճառահետևանքային կապերը: Այստեղ է խնդիրը, և այստեղ է նաև համակարգային փոփոխությունների բանալին: Իշխանությունը, իշխող համակարգը դա չի անի այլևս, չի կարող ի բնե, ինչպես ծիրանի ծառը չի կարող պոմիդորի բերք տալ, կամ ինչպես պատը չի կարող բերք տալ: Եվ այստեղ ոչ միայն անհիմն են, անիրատեսական են հարցադրումները առանձին գործիչների, դեմքերի, դիրքերի փոփոխությունների արդյունավետության մասին, այլ այդ փոփոխությունների հնարավորության մասին հարցադրումներն ինքնին:
Բանն այն է, որ հասարակությունը չի կարող համակարգը մաս-մաս փոխել: Համակարգը մաս-մաս կարող է փոխվել ինքն իրեն, իր խնդիրներից, մարտահրավերներից ու նպատակներից ելնելով, բայց իհարկե՝ ինքնապահպանման բնազդով ու նպատակով:
Հասարակությունը համակարգը պետք է փոխի ամբողջությամբ, բայց դրա համար նախ պետք է կարողանա ինքը փոխվել: Եվ այդ իմաստով, համակարգը մաս-մաս փոխելու անիրատեսական հավակնության փոխարեն, հանրությունը գոնե ինքը լինի մաս-մաս փոխվելու ունակ: Չկա նույնիսկ այդ գործընթացը: Կանգ է առել անգամ քաղաքացիական աճը: Քաղաքականի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է:
Այստեղ է խնդիրը, որին, սակայն, անդրադարձ գրեթե չկա, որովհետև աստեղ գտնվող խնդիրը «կենսունակ» չի դարձնում գեղեցիկ հռետորաբանությունը, որով ձևակերպվում են իշխանության հանցագործ քաղաքականության հանդեպ գնահատականներն ու վերաբերմունքը: Դրանք, իհարկե, անհրաժեշտ են, սակայն դրանք պետք է լինեն միայն գնահատական, սակայն այսօր դրանք ունեն գործի «արժեք» և մատուցվում են իբրև գործ: Բայց դրանք բացարձակապես անկենսունակ են հասարակական վերափոխումների հարցում, քանի որ այդ վերափոխումները պահանջում են առարկայական խոսակցություններ, ընդ որում՝ ոչ թե գործող իշխանության, այլ հանրային նպատակների, պատկերացումների, պետական խնդիրների և մարտահրավերների շուրջ:
Հայաստանում դրանք դիտվում են իշխանության պրիզմայով, մինչդեռ պետք է իշխանության խնդիրը դիտվի հենց այդ հարցերի պրիզմայով, և հանրության մոտ կձևավորվի արդեն գիտակցական վերափոխման բոլորովին այլ որակի գործընթաց: Դա, իհարկե, բոլորովին չի նշանակում պատասխանատվության հեռացում իշխանության անհատներից, առաջին դեմքերից: Այստեղ պետք չէ ընկնել շփոթության կամ նենգափոխման գիրկը: Անհատների, առավել ևս առաջին դեմքերի անհատական պատասխանատվության հարցը հասարակությունը պետք է շեշտադրի անընդհատ ռեժիմով ու հնարավորինս խիստ հարցադրումներով:
Խնդրի բուն էությունն այս դեպքում այն է, որ այդ ամենը համակարգի դեմ հանրային անելիքների մասն է միայն, և չպետք է փորձ արվի դրանով փոխարինել ամբողջը և առավել ևս՝ առանցքը:









































