Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ իր երկիը կարող է դուրս գալ ՄԱԿ-ի կազմից՝ այն բանից հետո, երբ կազմակերպությունը նրան մեղադրել է միջազգային իրավունքի խախտման մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ուրբաթ օրը արտադատյա մահապատիժների խնդիրների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Անյես Կալամարը հայտարարել է, որ Դուտերտեի կոչը՝ սպանել ենթադրյալ թմրադիլերներին, ծայրահեղ և անպատասխանատու քայլ է, ինչը հավասարազոր է հանցագործության:
«Հնարավոր է, մեզ անհրաժեշտ է առանձնանալ ՄԱԿ-ից: Ինչո՞ւ լսել այդ հիմարությունները»,- հայտարարել է նա մամլո ասուլիսում:
Նախագահը ՄԱԿ-ին մեղադրել է Սիրիայում և Իրաքում սովը, ահաբեկչությունը և զինված հակամարտությունները կանխելու անկարողության համար: Նա նաև նշել է, որ կարող է առաջարկել Չինաստանին և Աֆրիկայի երկրներին ստեղծել նոր գլոբալ միջազգային մարմին:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Դուտերտեի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո՝ այս տարվա մայիսից, թմրավաճառների դեմ գործողությունների անցկացման շրջանակներում ոստիկանների կողմից սպանվել է ավելի քան 800 մարդ:







































