Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը հարցազրույց է տվել CNN հեռուստաընկերությանը: Սա եղել է նրա առաջին անգլերեն հարցազրույցը 2011թ. ձերբակալությունից հետո: Այդ ժամանակ նա հայտնվել էր աղմկահարույց սկանդալի կենտրոնում. Ստրոս-Կանի դեմ առաջադրվում է Նյու Յորքի հյուրանոցներից մեկում սպասուհուն բռնաբարելու մեղադրանք:
«Եթե դուք ցանկանում եք ինձանից լսել, որ Եվրոպայում նկատվում է առաջնորդների ճգնաժամ, ապա կասեմ, որ դա այդպես է՝ ճգնաժամ գոյություն ունի: Գիտեք, արաբական նման ասացվածք կա՝ «Առյուծի կողմից ղեկավարվող ոչխարների բանակը կհաղթի ոչխարի կողմից ղեկավարվող առյուծների բանակին»: Ցավոք սրտի, մենք երկրորդ բանակն ենք: Եվրահանձնաժողովում, իհարկե, բոլորը ոչխարներ չեն, պետք չէ ընդհանրացնել: Որոշ առաջնորդներ շատ առաջատար են, նրանք հիանալի գիտեն՝ ինչ անել: Սակայն ընդհանուր առմամբ Եվրահանձնաժողովն այսօր ի վիճակի չէ լուրջ որոշումներ կայացնել»,- ասել է նա:
Բացի այդ, հայտնի ֆինանսիստը հավատացած է, որ Հին աշխարհի «հիվանդ» բանկային համակարգին լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ: Նրա խոսքերով՝ քանի դեռ բանկային խնդիրները չեն լուծվել, աճ չի լինի:
Դոմինիկ Ստրոս-Կանն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչպես արևմտյան արդարադատությունը մեկընդմիշտ փչացրեց իր հեղինակությունը:
«Ես սարսափելի անհանգստանում էի 2011թ. իմ ձերբակալության կապակցությամբ: Երբ քո դեմ ներկայացված են նման մեղադրանքներ, կյանքը դառնում է շատ դժվար, իսկ աշխատելը՝ ծայրահեղ բարդ: Այդ պահին կարծես բոլորը մոռացել էին, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում մարդը չի կարող մեղավոր ճանաչվել, քանի դեռ նրա մեղքը չի ճանաչվել, քանի դեռ դատավճիռ չի կայացվել: Եթե ես անմեղ էի, ինչո՞ւ ինձ ձեռնաշղթաներ հագցրին, ներկայացրին որպես հանցագործ, չնայած ոչ մեկն այդ ժամանակ չէր ապացուցել իմ մեղքը»,- ասել է նա:





































