Վրաստանը, Եվրամիության ինտեգրումից բացի, այլընտրանք չունի: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին Բաթումում հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ բացելով «Արևելյան գործընկերության» միջազգային համաժողովը:
«Զարգացման եվրոպական ուղին ընտրել է ամբողջ վրաց ժողովուրդը և դա մի առանձին քաղաքական ուժի ընտրություն չէ: Վրաստանը եվրոպական երկիր է և ցանկանում է դառնալ Եվրոպայի մի մաս, այլ ընտրություն չկա»,- ասել է նա:
Իվանիշվիլին ընդգծել է, որ 2012 թ. հոկտեմբերին ընտրությունների ճանապարհով իշխանության եկածները մտադիր են կառուցել ակտիվ ժողովրդավարական հասարակություն:
Վարչապետի խոսքերով՝ իր կառավարությունն ապահովում է խոսքի իսկական ազատություն, ազատ դատարան, ազատ մեդիա, կատարում է ժողովրդավարական վերակառուցումները:
Վարչապեը խոստացել է անցկացնել ամենաազատ ընտրույթունները Վրաստանի պատմության մեջ: Նա նաև հայտարարել է, որ Վրաստանում կպաշտպանվեն բոլոր փոքրամասնությունների իրավունքները: Իվանիշվիլին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար: Նա նշել է, որ Վրաստանը հաջող երկխոսություն է սկսել Ռուսաստամի հետ, սակայն այդ երկխոսությունում չի հրաժարվում ԱՄՆ-ի և Եվրոպայի միջնորդությունից:








































