Euro News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայում ազատության մեջ է հայտնվել բանտարկյալների առաջին խումբը, որոնց առնչվել է պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման մասշտաբային ծրագիրը:
Ավելի վաղ Թուրքիայի իշխանություններն ընդունել են օրենսդրական ուղղումներ, որոնք հնարավորություն են տալիս անհապաղ բանտերից ազատ արձակել մոտ 38.000 մարդու:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ ծրագրված է ազատ արձակել 93 հազար բանտարկյալի՝ ընդգծելով, որ տվյալ միջոցը համաներում չէ և չի վերաբերում ծանր հանցանքների համար դատապարտվածներին:
Դիտորդների կարծիքով՝ Թուրքիայի իշխանությունների այդ քայլը հարկադրված է, քանի որ երկրի բանտերը գերբեռնված են և տեղեր չկան բանտարկյալների նոր հոսքի համար:
Հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին աջակցելու համար Թուրքիայում ձերբակալվել է 40 հազար մարդ: Իշխանությունները չգիտեն որտեղ պահել նրանց:







































