Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում երկրի կենտրոնական արհմիությունների կազմակերպած Պայքարի ազգային օրվա ցույցերն ավարտվել են ոստիկանների հետ անարխիստների զանգվածային ծեծկռտուքով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Երթի ժամանակ խաղաղ ցուցարարների շարքում հայտնվել են դիմակներով ու սև դրոշներով Black Bloc անարխիստական շարժման մասնակիցները: Նրանք հրահրել են երթին ուղեկցող ոստիկաններին, ինչի հետևանքով ծեծկռտուք է սկսվել 130 ոստիկանների և մոտ 300 անարխիստների միջև: Վերջիններս իրավապահների ուղղությամբ դյուրավառ հեղուկով լցված շշեր են նետել:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ բռնարարները քաղաքի կենտրոնում կոտրել են մի քանի բանկերի ցուցափեղկեր, քարեր նետել Մունիցիպալ թատրոնի շենքի ուղղությամբ և հրդեհել 4 օջախ: Փողոցը, որով նրանք անցել են, փակ է:
Բացի այդ, մոտ 100 ցուցարարներ զբաղեցրել էին քաղաքապետարանի շենքի առջևի աստիճանը: Քաղաքի կենտրոնում ցուցարարներին ցրելու համար մտցրել են 5 հատուկ ջոկատ և ջրցան մեքենաներ:






































