ԱՄՆ-ը վստահ չէ, որ Աֆղանստանում տեսանելի ապագայում կհաջողվի սկսել համազգային հաշտեցման գործընթացը, որով «Թալիբան» արմատական շարժումը պետք է հրաժարվեր բռնությունից: Նման խոստովանություն է արել Աֆղանստանի ու Պակիստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Դոբինսը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Արտաքին հարցերով Սենատի հանձնաժողովում լսումների ժամանակ ելույթ ունենալիս նա հայտարարել է, որ ամերիկյան կառավարությունը չի ակնկալում Աֆղանստանում համազգային հաշտեցման գործընթացի արագ առաջխաղացում: «Մենք ընդհանրապես վստահ չենք, որ այն կսկսվի հաջորդ տարվա ընթացքում»,- ընդգծել է Դոբինսը:
Նա հաղորդել է, որ Աֆղանստանում հաջորդ տարի Վաշինգտոնի համար գլխավոր առաջնահերթությունը կառավարության ձևավորումն ու նոր նախագահի ընտրություններն են:
Դոբինսի փոխանցմամբ՝ 2014 թվականից հետո Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ձևաչափերի մասին որոշում դեռևս չի ընդունվել: Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է բանակցություններ վարել Քաբուլի հետ հետագա առաքելության առնչությամբ: Նա նշել է, որ աֆղանների մեծ մասը ցանկանում է իրենց ներկայությունը:








































