Ավստրիայում ԱՄՆ դեսպան Վիլյամ Իկոն երեկ պատասխանել է դեռևս նախորդ շաբաթ հանրապետության ԱԳՆ-ի և ՆԳՆ-ի հարցերին՝ կապված ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից երկրի իշխանություններին և քաղաքացիներին լրտեսելու հետ: Ավստրիայի ՆԳ նախարար Յոհաննա Միքլ-Լյայթների խոսքով՝ դեսպանը հաստատել է, որ այդ երկրի քաղաքացիների տվյալները ևս կարող էին հայտնվել ԱՄՆ հատուկ ծառայությունների ձեռքի տակ՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Նախարարի հետ զրույցում ԱՄՆ դիվանագետը հաստատել է, որ Ազգային անվտանգության գործակալությունը տեղեկություն է ստանում ԱՄՆ տարածքում գտնվող սերվերներից, իսկ սոցիալական ցանցերում գրանցված են մեծ թվով Ավստրիայի քաղաքացիներ և օգտվում են ամերիկյան համացանցային հսկաներից, հետևաբար նրանց տվյալները ևս կարող էին համակարգում հայտնվել:
Ավստրիայի ՆԳՆ-ի մամլո ծառայությունը նշել է նաև, որ ամերիկյան կողմը իրենց հարցին գրավոր չի պատասխանել՝ հավելելով, որ Ավստրիան կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ, և այն վերականգնելը բավականին դժվար կլինի:
Իկոն նաև հանգստացրել է ավստրիացիներին՝ ասելով, որ ԱՄՆ ԱԱԳ-ն չի հավաքել օգտատերերի անձնական տվյալները, այլ միայն ցանցի տվյալները:








































