Նոր Խարբերդում Վլադիմիր Մարիանյանը (Վիտո), ապրում է յոթ երեխաների՝ երկու որդիների՝ Սամվելի, Բենիկի և հինգ դուստրերի՝ Լարիսայի, Վալյայի, Նարինեի, Մարինեի, Լիլիթի հետ: Դուստրերից մեկը ամուսնացել է, և Վլադիմիրն արդեն երկու թոռ ունի: Ամենակրտսեր աղջիկը՝ Վալյան, վեց տարեկան է:
Վիտոն 88 թվականից եղել է Ղարաբաղում, կռվել Շահումյանում, որտեղ էլ հանդիպել է կնոջը՝ Ժաննային: Կնոջը Ժաննա դ’Արկ է կոչում: Ամուսինները երկու որդի ունենալու նպատակ ունեն, բայց խնդիրները շատ են:
Վլադիմիր Մարիանյանը 88թվականից աշխատանք չունի, ձեռքի հետ ցանկացած գործ անում է երեխաներին պահելու համար՝ էլ փոս է փորում, էլ փայտ ջարդում, սվաղ անում։ «Ամենագլխավորը՝ սոված չեմ թողնում երեխաներին, և հայրենիքն էլ չենք թողնում-փախչում, օրվա հացի փողը ճարում եմ»,- մեզ հետ զրույցում ասաց Վիտոն:
Հիմա ավագ որդին օգնում է իրեն աշխատանքում, երբեմն միասին են փոս փորում: Լինում են օրեր, երբ 5-10 հազար դրամ են աշխատում, սակայն ընտանիքը մեծ է, հոգսերը՝ շատ:
Դժվար կյանքը չի ընկճել Վիտոյին, լավատեսությունն էլ չի լքել նրան: Իրենց տան մոտ գտնվող երկու խանութներում պարտքեր ոնի, բայց դրանք քիչ են, երկու խանութներին էլ 15000-ական դրամ է պարտք, այսօրվա ձմերուկն ու սմբուկն էլ պարտքով է գնել, բայց հույս ունի, որ վաղը գործ կլինի և պարտքերը կմարի:
«Ո՛չ սոված ենք, ո՛չ ծարավ, շատերը գիտեն, որ յոթ երեխա ունեմ, ուրեմն հավատացյալ եմ, բայց ի՞նչ հավատացյալ… հայ քրիստոնյա ենք։ Վաղը, որ իմ երեխաները մեծացան, պետք են չէ՞ գալու հայրենիքին… աղջիկ կա հինգ տղա արժի։ Ղարաբաղի պատերազմին գիտե՞ք ի՜նչ կանայք էին մասնակցում»,- հիշեց Վիտոն:
Երեխաները թեև ուսման հետ սեր ունեն, բայց ընտանիքը գումար չունի ուսման համար, իսկ աշխատանք էլ չեն կարողանում գտնել, թեև դիմել են տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ «Գրանդ Քենդի»-ին։ Ասում են՝ գանցեք, կկանչենք, սակայն չեն կանչում, աշխատանքային փորձ են պահանջում:
Վլադիմիր Մարիանյանի ընտանքի նպաստը «կտրել» են, ասում են՝ միավորները բավարար չեն։ «Լավ, եթե յոթ երեխաներին նպաստ չի հերիքում, բա ո՞ւմ է հասնում։ Երևի մեր երեխաները ֆալշ են»,- կատակում է Վիտոն:
Տան անմխիթար պայմանների համար աղջիկներն ամաչում են, նրանք արդեն ընտրած տղաներ ունեն՝ Գառնիից, Հրազդանից։ Ուզում են գան իրենց տուն, սակայն տունը վերանորոգված չլինելու հանգամանքը կաշակդում է նրանց։ «Ասում են՝ ռեմոնտ անենք, պապա։ Ես էլ ասում եմ՝ օվռաշներ, ո՞նց անենք։ Պարտքով չեմ ուզում անել»,- ասաց Վիտոն՝ հավելելով, որ հիմա պարտքով տվող մարդիկ կան, բայց ինքը չի ուզում պարտքի տակ ընկնել:
Վիտոն վերջերս է ստամոքսի վիրահատության ենթարկվել. կարերը քանդելիս բժիշկն ասել է՝ գնա հարյուր տարի էլ կապրես:
Նա ապավինում է իր ուժերին, յոթ երեխա ունի, դեռ երկուսն էլ ուզում է ունենալ։ «Եթե «Փարոս» տան, երկու տղա էլ կունենամ, չնայած հիսուն տարեկան եմ, անուններն էլ դնելու եմ Վրեժ և Վիտյա՝ ի պատիվ երկու եղբայրներիս»,- խոստացավ Վիտոն:
«Փարոս» ստանալու համար ընտանիքի առջև պայման են դրել, որ դուրս գան Հրազդանի գրանցումից, ու թեև դուրս են եկել, բայց փաստի առաջ են կանգնել. նրանց ասել են, որ իրենց «Փարոս» չի հասնում՝ պատճառաբանելով, որ միավորները չեն հերիքում:
«Յոթ պարկ ալյուր եմ ուզում Սերժ Սարգսյանից, լավ էլ թագավոր եմ նրան համարում»,- ասում է ընտանիքի հայրը՝ նշելով, որ յոթ պարկը երեք ամիս կբավականացնի իրենց:
Հարազատները՝ եղբայրները, քույրերը չեն օգնում այս ընտանիքին։ Վիտոյի եղբայրները, քույրը Ռուսաստանում են, մեծ քույրը ֆիզիկայի դասախոս է, եղբայրը սպա է, մյուսը՝ բիզնեսմեն:
Հինգ տարի առաջ Վիտոն եղբորը խնդրել է, որ 100 դոլոր ուղարկի: «Եղբայրս ինձ ասաց` ուռաշ ես քեզ ասե՞լ եմ հինգ երեխա ունեցի։ Ինձ գիտե՞ս այդ խոսքը ինչ արեց, լավ էր դանակով խփեին ինձ` սպանեին»,- ասաց Վիտոն:
Արտագաղթի մասին չի ուզում մտածել, չի գնա և վերջ. «Ես որ ուզեմ արտագաղթել, հայրս-մայրս էլ են այնտեղ, գնամё թագավորի նման կապրեմ, բայց չեմ թողնի գնա»։
«Ես այն կռիվների ժամանակ չեմ թողել-գնացել հայրենիքս, հիմա ինչի՞ գնամ: Այն օրը տեսա ավտոբուսով գնում են Մինվոդի, տեղաշորով ընտանիքներով փախչում են… ո՞ւր է թե գնան բոլորը, թողնեն մեզ այս ամենը»,- կատակեց Վիտոն, ապա հավելեց. «Այս ձեռքերը քանի կան, պետք է այս երեխաները ուտեն, մեծանան»։
«Սերժ Սարգսյանը գուցե տեսնի, կարող է կարգադրի, որ նպաստը տան, չորս մեծերիս թող չտան, բայց այն երկու երեխայիս ինչի՞ չեն տալիս: Նախագահը հրաման կտա սոցապ նախարարին՝ տան նպաստը»,- ասաց նա:
Հիմա Վիտոն Աստծուց միայն առողջություն է ուզում, որ աշխատել կարողանա։ Առաջինը նա կարևորում է հայրենիքը, հետո կնոջն ու երեխաներին… Կարևորը պատերազմ չլինի, բայց եթե լինի անգամ, Վիտոն գնալու է:
Նա ցույց տվեց կոշիկները, որոնք իրեն ծառայում են թե՛ աշխատանքի մեջ, թե՛ ամենուր, ու դեռ երկար են ծառայելու…









































