Գյուղացիներին մատակարարված էժան դիզվառելիքի գործում չարաշահումների համար ձերբակալվել է Արարատի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը: Ինչպես հայտնի է, չարաշահումների մասին հայտարարեց ֆինանսների նախարարության վերահսկողական վարչությունն՝ այն բանից հետո, երբ դրանց մասին տեղեկություններ եղան մամուլում: Այս տեղեկություններում ուշագրավ էր այն, որ չարաշահումների «շահառուներից» են եղել նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրն ու զարմիկը, որոնք օգտվել են գյուղացիների համար էժան վառելանյութի ծրագրից, և նրանց ստացածն ավելի շատ է եղել, քան մնացյալ գյուղացիներինը, ովքեր, մեղմ ասած, ավելի կարիքավոր են սոցիալական առումով, քան Աբրահամյանները, որոնք ունեն խոշոր սեփականություն:
Այս կապակցությամբ, լրագրողների հարցերին ի պատասխան, կոռուպցիայի և հովանավորչության դեմ պայքարի դրոշակ ծածանող Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ իր եղբայրը ոչ մի անօրինական բան չի արել և օգտվել է նաև իրեն հասանելիք ծրագրերից: Մի կողմ թողնենք այս երևույթի բարոյական կողմը: Տվյալ պարագայում դիտարկենք իրավականը: Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ իր հարազատները ոչ մի անօրինական բան չեն արել: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է, օրինակ, ձերբակալվել Արարատի մարզպետարանի նախկին պաշտոնյան՝ դիզվառելիքի չարաշահումների գործով: Եթե բոլորը ստացել են իրենց հասանելիքը, ապա ի՞նչն է խնդիրը, որ նախկին պաշտոնյային ձերբակալել են: Ուրեմն կա խնդիր: Իսկ եթե կա խնդիր, ուրեմն այդ խնդիրը ինչ-որ կերպ կվերաբերվի նաև Արարատի մարզում էժան դիզվառելիքից մեծ քանակով օգտված Աբրահամյաններին:
Այսինքն, այնուամենայնիվ, իրավիճակն այնքան էլ «մաքուր» չէ, ինչքան Հովիկ Աբրահամյանն էր փորձում ներկայացնել: Վիրաբյանը կասկածվում է խոշոր չափերով հափշտակության մեջ, իսկ պատկերացնել, որ Աբրահամյանների լիակատար վերահսկողության տակ գտնվող մարզում որևէ չինովնիկ կարող էր ինքնագլուխ խոշոր չափերի հափշտակություն կատարել պետական միջոցներից, պետական ծրագրերից, առավել ևս` նախընտրական նպատակներով իրականացվող, երևի միամտություն կլինի: Սակայն նաև կասկած չկա, որ «մաքրելը» նրա համար խնդիր չի լինի, և կամ Վիրաբյանը պատասխան կտա այն բանի համար, ինչից, ըստ էության, Աբրահամյաններն են էապես շահել, կամ էլ նա ոչ մի պատասխան էլ չի տա, և Հովիկ Աբրահամյանը կփորձի ամեն ինչ անել Վիրաբյանին «մաքրելու» համար, որպեսզի մաքրվեն նաև էժան դիզվառելիքի վրա նրա հարազատների թողած հետքերը:
Ի վերջո, եթե Հայաստանում հնարավոր է թվում արյան հետքերը մաքրել, ինչպես կարծես թե ակնհայտորեն պատրաստվում են անել Սյունիքի նախկին մարզպետ Լիսկայի և նրա որդու դեպքում, ապա դիզվառելիքի հետքերը մաքրելն արդեն պարզապես խաղ ու պար է, տեխնիկական գործ, որն արագորեն գլուխ կբերեն:








































