Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը կարող է հրաժարական տալ այն բանի համար, որ նրա վերահսկողությունից դուրս է եկել երկրի գաղտնի ծառայությունը (SREL), որը ապօրինաբար գաղտնալսել է շատ քաղաքական գործիչների և հենց կառավարության ղեկավարին: Այս մասին հաղորդում է Spiegel-ը:
Յունկերը երկրի խորհրդարանում պետք է հաշվետվություն ներկայացնի իր գործունեության մասին, և եթե օրենսդիր մարմինը նրան վստահություն չհայտնի և որոշի արտահերթ ընտրություններ իրականացնել, դրանք տեղի կունենան 2013-ի հոկտեմբերին: Հերթական ընտրությունները պետք է տեղի ունենային 2014-ի մայիսին:
Խորհրդարանն այս անգամ կարող է չաջակցել Յունկերին: Հուլիսի 5-ին գլխադասային հանձնաժողովում տեղի ունեցած քվեարկության ընթացքում բոլոր կուսակցությունները, բացի Քրիստոնեա-սոցիալական կուսակցությունից, հավանության են արժանացրել արտակարգ հաշվետվությունը:
Հաշվետվությունում նշվում էր, որ վարչապետը, ձևականորեն իշխանություն ունենալով հատուկ ծառայության վրա՝ չի կարողացել կանխարգելել ապօրինի գործողությունները: Նա խախտումների մասին չի հայտնել ո՛չ խորհրդարանական հանձնաժողովին, ո՛չ դատական իշխանություններին:









































