Ճապոնական մաֆիայի (յակուձա) խոշորագույն խմբավորումը՝ Յամագուտի-գումին, սկսել է ամսագիր թողարկել՝ նախատեսված բացառապես իր կազմակերպության անդամների համար:
«Յամագուտի-գումի Սիմպո» ամսագրի 8 էջերից առաջինում հրապարակվել է կազմակերպության ղեկավար Կենիտի Սինոդայի ուղերձը, որում նա գանգատվում է, թե ճապոնական մաֆիայի համար ծանր ժամանակներ են եկել:
Բացի այդ, Սինոդան իր ուղերձում կոչ է անում կազմակերպության սնդամներին՝ իրենց կազմակերպության կանոններին ու ավանդական արժեքներին համապատասխան դրսևորել:
Ամսագրում կան նաև ժամանցային սյունյակներ՝ նվիրված ձկնորսությանը, երգիծական պոեզիային և ավանդական ճապոնական խաղերին (գո և սեգի): Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով «Սանկեյ սիմբուն» տեղական թերթին:
Ճապոնական ոստիկանության տվյալներով՝ կազմակերպությունը մոտ 27.7 հազար անդամ ունի:









































