Էմմա Ուոթսոնը բազմիցս խոստովանել է՝ ինչպես է իր կյանքը ծանրացնում հայտնիությունը: Ուստի դերասանուհին խստորեն գաղտնի է պահում իր անձնական կյանքը: Եվ երբեմն մշտական ուշադրությունից ազատվելու ցանկությունը բավական ոչ հաճելի հետևանքներ է ունենում, գրում է The Daily Mail-ը:
Օքսֆորդում իր ուսումնառության ժամանակ Էմմա Ուոթսոնը ցանկացել է, որ իրեն ոչ ոք և ոչինչ չշեղի կրթություն ստանալուց: Ուստի համալսարանի ղեկավարությունն ուսանողներին արգելել է մոտենալ դերասանուհուն, խոսել նրա հետ և ինքնագիր խնդրել: Հակառակ դեպքում նրանք կարող էին տուգանվել: Այդ կանոնը երեք անգամ խախտելու դեպքում կարող էր նույնիսկ քննարկվել համալսարանից հեռացնելու հարցը:
Այս մասին պատմել են դերասանուհու նախկին համակուրսեցիները: Նրանք խոստովանել են, որ այնքան վախեցած են եղել այդ տուգանքներից, որ միշտ աշխատել են Էմմային շրջանցել:
Ուոթսոնի ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանություն անել: Համալսարանի ղեկավարությունը պնդում է, որ պաշտոնական հրահանգ չի եղել, բայց ուսանողներին բանավոր խորհուրդ է տրվել չանհանգստացնել դերասանուհուն:












































