«Այն, որ կան սոցիալական խնդիրներ, գործազրկություն, արտագաղթ, սոցիալական անարդարություն, այս մասին շատերը գիտեն և բոլորն են բարձրաձայնում: Մեր տնտեսական վիճակն այնպիսին է, բյուջետային մուտքերն այնքան են, որ չեն ապահովում մեր ժողովրդի արժանապատիվ կյանքը, որն առաջ է բերում դժգոհություններ: Հնարավոր է, որ «Սասնա ծռեր»- ը նաև հասարակության մեջ առկա այս դժգոհություններից ելնելով են այդպիսի ընդվզում ցուցաբերել»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ հավելելով, որ մեր ժողովրդի մեծ մասը չի ընդունում զենքի ուժով պայքարի մեթոդը: Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է թունելի վերջում լույս տեսնի, սոցիալ-տնտեսական վիճակը չպետք է բռնկման առիթ տա:
Վազգեն Սաֆարյանի դիտարկմամբ՝ գործազրկությունը և սոցիալ-տնտեսական խնդիրները հաղթահարելու համար անհրաժեշտ է, որ փոխվի տնտեսական քաղաքականությունը, անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել. «Մենք խոսում ենք տնտեսական շուկայական հարաբերությունների մասին, մինչդեռ աշխարհը վաղուց հրաժարվել է ազատ շուկայական հարաբերություններից, այսօր աշխարհը գնում է դեպի կարգավորիչ, սոցիալական ուղղորդվածություն ունեցող շուկա, մենք դեռ մնացել ենք անցյալ դարի 90-ականների ազատ շուկայական հարաբերություններում: Ազատ շուկա՝ առանց սահմանների թեզը իրեն չի արդարացրել հետխորհրդային երկրներում, առաջարկվում է նոր թեզ՝ արդյունավետ կառավարում, ուժեղ տնտեսություն»:
Վ. Սաֆարյանի կարծիքով՝ պետք է պետության կարգավորիչ գործառույթներ իրականացվեն, ինչը կխթանի տնտեսության զարգացումը: Նրա խոսքով՝ մեր արտաքին շուկաները պետք է մեծացնել՝ դիվերսիֆիկացիայի ենթարկել:
«Մենք մեր ռսուրսները պիտի կարողանանք արդյունավետ օգտագործել և մոբիլիզացիոն քաղաքականություն պետք է վարենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































