ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ անկախ կուսակցական պատկանելությունից՝ եթե մարդն օրենք է խախտում, ապա պետք է պատժվի: Նա այս մասին խոսել էր ՀՀԿ գործկոմի նիստից հետո, որտեղ որոշվել էր Սյունիքի նոր մարզպետի անունը: Նոր մարզպետի հարցը թեև պարզ է, այնուհանդերձ հին մարզպետի խնդիրը շարունակում է մնալ անորոշ, որովհետև, այնքան էլ պարզ չէ, թե ՀՀԿ-ի համար ինչ է նշանակում պատիժ: Մասնավորապես, օրինակ՝ հարց է առաջանում, թե հին մարզպետն ինչքանով է պահպանելու իր ազդեցությունը Սյունիքի մարզում, Գորիս քաղաքում, եթե անգամ պաշտոնը թողնում է:
Այն, որ Լիսկան պաշտոնանկ է եղել, դա դեռ պատիժ չէ: Պատիժ չէ երկու պատճառով՝ նախ, այդքան հանցագործություններ կատարելուց և հովանավորելուց հետո ընդամենը պաշտոնից կամ էլ մի քանի բիզնեսից զրկվելը դեռ չի կարող պատիժ համարվել, և երկրորդ՝ պաշտոնը տվյալ պարագայում, ըստ էության, արտաքին մի ատրիբուտ է, իսկ առավել կարևոր են տնտեսական լծակները, որ կունենա կամ չի ունենա Լիսկան: Շատ կարևոր է նաև նրա ձերբակալված որդու հարցը, ում մասին մամուլում տեղեկություններ են հրապարակվել, թե հայտնի դեպքի օրը եղել է թմրանյութերի ազդեցության տակ: Այս տեղեկությունները պաշտոնական հաստատում դեռ չունեն, սակայն ակնհայտ է, որ պաշտոնական կառույցները դեպքի առաջին իսկ օրերից սկսել էին ակտիվորեն մտմտալ Լիսկայի որդուն պատասխանատվությունից ազատելու տարբերակների մասին: Այնպես որ, պատժի մասին խոսելիս, պետք է ներառել այս բոլոր հարցերը, ոչ թե արձանագրել միայն Լիսկային մարզպետի պաշտոնից ազատումը: Որովհետև սա ընդամենը ծխածածկույթ կարող է լինել նրա հանդեպ հետագա ներողամտությունների համար: Սակայն այս հարցերի մասով ՀՀԿ-ն պատասխաններ, կարծես թե, չունի:
Սյունիքն արդեն ունի նոր մարզպետ, սակայն խնդիրը այստեղ միայն անունով նոր մարզպետ ունենալը չէ, այլ այն, թե հին մարզպետից ինչ է մնալու մարզում, որովհետև եթե ամեն ինչ սահմանափակվում է նրա պաշտոնանկությամբ, ապա կասկած չկա, որ կենտրոնական իշխանությունը Սյունիքի մարզում Լիսկայի համար, այնուհանդերձ, իշխանության մի փոքր կտոր ամենաքիչը կպահի, որ և՛ նոր մարզպետն իրեն շատ հանգիստ չզգա, և՛ Լիսկան շարունակի էլ ավելի հավատարմորեն ծառայել իշխանություններին՝ ըստ էության, հայտնվելով արդեն նրանց բացարձակ կույր գործիքի դերում, որը կարող են բանեցնել այս կամ այն անհրաժեշտության դեպքում, և ի դեպ, ոչ միայն Սյունիքում, այլ ամբողջ Հայաստանի տարածքում: Այնպես որ հարցերը դեռ շատ են, և դրանք չունեն պատասխաններ, մինչդեռ այդ պատասխաններից շատ բան է կախված ոչ միայն Լիսկայի կամ նրա որդու ճակատագրի, այլ ընդհանրապես Սյունիքի և Հայաստանի ապագային վերաբերող մի շարք կարևոր զարգացումների առումով, որովհետև Լիսկան ոչ միայն պակաս վտանգավոր չի լինի, այլ գուցե թե ավելի վտանգավոր կարող է դառնալ «ազատ գործակալի» կարգավիճակում:









































