Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականից հետո հայտնի դարձավ, որ պաշտոնանկ է եղել նաև ԱԱԾ քննչական վարչության պետը, որը անցել է թոշակի: Նրա փոխարեն նշանակվել է նոր մարդ: Դրանից քիչ անց հայտնի դարձավ նաև, որ Սերժ Սարգսյանը փոխել է ԱԱԾ պետի տեղակալին: Այդ ընթացքում ոստիկանության պետն էլ պաշտոնանկ է արել ոստիկանության Էրեբունի և Նոր Նորք բաժինների ղեկավարներին՝ կապված հուլիսյան իրադարձությունների հետ: Մինչ այդ՝ դեռևս հուլիսի 17-ից մի քանի շաբաթ առաջ, Սերժ Սարգսյանը փոխել էր ԱԱԾ հետախուզական վարչության պետին:
Ինչ է կատարվում Հայաստանի իրավապահ համակարգում, որտեղ փաստորեն տեղի են ունենում «տարերային» փոփոխություններ՝ շոշափելով թե՛ առաջին, թե՛ երկրորդ շարքի պաշտոնյաների: Ինչքանով են դրանք փոխկապակցված միմյանց և ինչքանով են կապակցված հուլիսի 17-ի իրադարձություններին: Այս հարցերը, բնականաբար, առաջինն են գալիս քաղաքացիների մտքին՝ պաշտոնանկությունների և հրաժարականների վերաբերյալ տեղեկություններից հետո:
Միևնույն ժամանակ ամբողջ ուշադրությունը կլանում է «Սասնա ծռերի» գործողության և ստեղծված իրավիճակի համատեքստը, որի ստվերում է մնում նախընտրական հանգամանքը: Հայաստանի իշխանությունը մոտենում է ընտրական գործընթացներին և գտնվում է նախընտրական փուլում: Եվ այդ իմաստով տեղի ունեցող փոփոխությունները անմիջականորեն ուշադրություն գրավելով «Սասնա ծռերի» կոնտեքստում՝ այնուհանդերձ, կարող են կապ ունենալ նաև նախընտրական իրողությունների հետ: Առավել ևս, որ իշխանության առանձնահատուկ գործողությունների կամ գործունեության ռեժիմի մեկնարկը տրվել է ոչ թե հուլիսի 17-ից հետո, այլ դրանից ամիսներ առաջ, դեռևս ապրիլյան պատերազմից առաջ՝ փետրվարի 12-ին:
Այս տեսանկյունից ապրիլն ու հուլիսը կարող էին ընդամենը կատարել կատալիզատորի դեր, քանի որ վերջին հաշվով Հայաստանի իշխող համակարգի համար գլխավոր հարցը մնում է 2017-ի վերարտադրությունը: Հետևաբար նախընտրական տրամաբանությունը բոլոր զարգացումների կոնտեքստում է:
Այդ տեսանկյունից Հայաստանում կադրային ծավալուն փոփոխությունների հավանականության մասին խոսվում էր դեռևս փետրվարյան ելույթից հետո: Այդ փոփոխությունները մի կողմից՝ կրելու են համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակ, մյուս կողմից՝ իհարկե, նպատակ է լինելու հանրությանը ցույց տալ փոփոխությունների որոշակի ալիք:
Հայաստանի իշխանությունը, ըստ էության, անընդհատ որոնումների մեջ է, քանի որ ռեսուրսային առումով գտնվում է գրեթե սնանկ, սպառված վիճակում: Համակարգի ներսում խորանում են անվստահությունը, փոխադարձ կասկածանքները:
Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանական համակարգին մշտապես միավորել է երկու բան՝ փողը և անվտանգությունը: Ներկայումս թե՛ մեկը, թե՛ մյուսը հասել են ըստ էության «հատակին», իսկ միտումն էլ շարունակում է լինել նվազման: Եվ ինչքան այն պահպանվում է, այնքան խորանում են ներքին անվստահությունն ու տարանջատումը՝ միասնության հիմքերը բարակում են, բոլորը բոլորին սկսում են կասկածել, և մեծ հաշվով համակարգը պահվում է «առաջին քայլի» բարակ թելից, երբ որևէ մեկը չի համարձակվում պարզապես «առաջինը քայլ անել»:
Իշխող համակարգը աստիճանաբար մնում է ընդամենը այդ զգուշության կամ վախի հույսին, «միավորողն» այլևս դա է, այսինքն՝ ոչ թե ընդհանուր նպատակն է այլևս միավորում համակարգը, այլ համընդհանուր կասկածը: Եվ եթե ընդհանուր նպատակը ենթադրում է կոլեկտիվ «ստեղծագործական» խանդավառություն, ապա կասկածը ենթադրում է հակառակ գործընթաց, երբ ներիշխանական խմբերը ավելի ու ավելի փակվելու են իրենց մեջ, սեղմվելու են բռունցքի նման, և եթե անգամ շարունակեն «առաջին քայլից» զերծ մնալու զգուշավոր «միասնությունը», միևնույն է՝ «կենտրոնում» անխուսափելիորեն առաջանալու է վակուումը՝ երբ թևերը բռունցքված կներքաշվեն կամ կկծկվեն ոզնու նման:
Այդ վակուումը չի կարող երկար շարունակվել:








































