Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը քաղաքի կենտրոնում դանակով զինված տղամարդու հարձակումից հետո բնակիչներին հանգստության կոչ է արել՝ միաժամանակ հորդորելով զգոնություն դրսևորել։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։
«Լոնդոնի բոլոր բնակիչներին կոչ եմ անում պահպանել հանգստություն և զգոնություն։ Խնդրում եմ, այն ամենի մասին, ինչը կասկածի տեղիք կտա, հայտնե՛ք ոստիկանությանը»,- ասել է նա։
Խանը հավելել է, որ քաղաքացիների անվտանգությունն իր գլխավոր առաջնահերթությունն է։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լոնդոնի Ռասել-սքվեր հրապարակում անհայտ անձը երեկ երեկոյան դանակով հարձակվել է անցորդների վրա՝ սպանելով 1 և վիրավորելով 5 մարդու։








































