ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով հուլիսի 17-ի իրադարձություններից հետո առաջին պաշտոնանկությանը (Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է Էրեբունու շրջանի բաժնի պետը)՝ նշեց, որ վերջին իրադարձությունների հետ կապված չէ այդ պաշտոնանկությունը:
Պ. Հայրիկյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն ինքն է վերջին օրերի իրադարձությունների գլխավոր պատասխանատուն, ինքն է հանգեցրել այսպիսի ծայրահեղ քայլի գնալու. «Եթե պիտի խոսեին պատասխանատվության մասին, ապա այդ գնդի պահպանությունն իրականացնողների մասին պետք է խոսք գնար, բայց դա այսօր տասներորդական հարց է, շատ ավելի կարևոր է, թե ինչն էր քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց՝ նախկին զինվորականներին ստիպել գնալ այսպիսի քայլի: Ս. Սարգսյանը պետք է մտածի, թե ինքն ինչ է արել, որ իր երկրի քաղաքացիները, քաղաքական ճանապարհով հարցեր լուծելու տրամադրված քաղաքացիները հանկարծ որոշեցին զենք վերցնել:
Եվ փառք Աստծո, որ մեր ուժային համակարգի աշխատակիցներն իրենցից կախված ամեն ինչ արեցին, որպեսզի արյունահեղություն չլինի: Այլ բան է, որ ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառեց, դա արդեն այլանդակություն էր»:
Հարցին՝ կատարվածից հետո ի՞նչ զարգացում կունենա այս գործընթացը, և որոնք են լինելու ձեր քայլերը, Պ. Հայրիկյանը պատասխանեց. «Ինձ համար զզվելի է, որ որոշ քաղաքական գործիչներ այս իրադարձությունների առիթով ամբիոնը ուզում են դարձնել իրենց «դուքանը»»:
Հայաստանով մտահոգ յուրաքանչյուր քաղաքացի, ըստ ԱԻՄ առաջնորդի, պիտի մտածի, որ խոսվում է սահմանադրական հանրաքվեն կեղծելու մասին: Նրա խոսքով՝ դրանից ավելի կարևոր հարց չկա:
«Եթե իսկապես քաղաքական ուժ ես, պետք է ունենաս մեկ գլխավոր խնդիր, հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը ավելի բարձր իշխանություն է, քան Ս. Սարգսյանի իշխանությունը: Դա հարատև իշխանություն է»,- ընդգծեց Պ. Հայրիկյանը:
Անդրադառնալով հուլիսի 26-27-ին տեղի ունեցած իրադարձություններին, երբ մոտ 400 քաղաքացի բերման ենթարկվեց, Պ. Հայրիկյանը, ով նաև համակարգող խմբի անդամ էր, նշեց. «Այդ օրը՝ հունիսի 27-ին մենք աննախադեպ բան ենք արել, մենք եկել էինք բերման ենթարկվելու, եկել էինք մեծ խմբով, զանգահարել ենք 1-02, ասել ենք՝ մենք եկել ենք բերման ենթարկվելու, տեղն ասեք, այդտեղ էլ գանք: Ես եկել էի նաև ոստկանների հետ բանակցության, որի նպատակը հետևյալն էր՝ բաց թողնեն բոլոր բերման ենթարկվածներին, որից հետո հանրահավաքը կտեղափոխվի Ազատության հրապարակ»:
Մանրամասները՝ տեսանյութում:





































