«Այն ժամանակահատվածում, երբ մեր երկիրը գտնվում է իր նորագույն պատմության ամենածայրահեղ ճգնաժամում, և այդ ճգնաժամը վերաբերում է թե՛ իշխանական համակարգին, թե՛ հասարակությանը, թե՛ պետության հեռանկարին, մենք առաջարկում ենք, որ մեր երկրին անհրաժեշտ է նորարար, օրիգինալ հանրային մի դիսկուրս այսօրվա վիճակի և ելքերի մասին,- «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես սկսեց իր ելույթն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
«25 տարի ձևակերպումներ ենք տվել, բայց այն վիճակը, որ այսօր է ստեղծվել, աննախադեպ է, և ունենք իշխանություն, որ կրում է երկնագույն կամ մանուշակագույն փողկապներ և խոսում է խաղաղության մասին, բայց այդ խաղաղությունը նշանակում է հանցագործ կառավարման համակարգ, այդպես արտասանված այդ խաղաղությունը՝ լինի մեր երկրում, թե հարևան երկրում, նշանակում է թալանված ժողովուրդ, արտագաղթ, աղքատություն, հիմա՝ ապօրինի իշխանություն, Հայաստան, որ աշխարհի աչքի առաջ ջարդում է լրագրողներին, որ խաղաղ ցուցարարներին առանց դրդապատճառի բանտարկում է, ձերբակալում է: Խոսքն այսօր ամենևին Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի, Անդրիաս Ղուկասյանի, Ալեք Ենիգոմշյանի մասին չէ միայն, նրանք մեր հպարտ հայրենակիցներն են, մենք շատ հպարտ ենք նրանցով, այդ խաղաղ ցույցին մասնակցելու համար իրենց և իրենց ընտանիքներին սպառնում են ճաղերի հետևում 4-10 տարի բանտարկել…
Ես հիմա չեմ ընդգծի, որ սա ուղղված է կոնկրետ «Ժառանգության»-ը՝ նախընտրական շրջանում, «ժառանգություն»-ը տեսել է նման օրեր ու եղանակներ, սա շատ ավելի լայն և խոր խնդիր է, և շատ մտահոգ ենք: Եվ հերթական անգամ հարց ենք տալիս. «Սա՞ է այն վարքը, այն վերաբերմունքը, որին արժանի է քաղաքացին մեր երկրում՝ ազատ, անկախ Հայաստանում, սա՞ է հայոց երազանքը, պիտի հանդուրժե՞նք սա մեր երկրում և միջազգային հանրությունում: Կարծում ենք, որ հայ մարդը, շարքային քաղաքացին և լրագրողը ասում են՝ ո՛չ, այսպես չենք կարող հանդուրժել, որովհետև այստեղ չկա ոչ միայն հայոց երազանք, այլ նաև չկա հայոց պետականություն, չկա հայի սահմանադրություն, չկա հեռանկար, կա մի տարածք և ուրիշ ոչինչ:
Դրա համար առաջին հերթին մենք առաջարկում ենք յուրաքանչյուր հայաստանցուն և հային Երևանից մինչև Արցախ և մինչև սփյուռք՝ զորակցության, սոլիդարության սկզբունքը, և եթե հայ ժողովրդը և իր ստվար զանգվածները կանգնեցին սոլիդարության, զորակցության՝ Սասնա ծռեր խմբին, Պավլիկի, Միայնակ Գայլի և մյուս տղաների հետ՝ որպես հակաահաբեկիչ, ուրեմն մենք հիմա արդեն հերթով մեր զորակցությունը հայտնում ենք Արմենին, Ալեքին, Դավիթին, Հովսեփին և բոլոր նրանց, ովքեր այսօր դարձել են ՀՀ նորագույն քաղաքական բանտարկյանլները՝ ՀՀԿ-ի, իր ղեկավարության՝ գեղեցիկ փողկապ հագնող ղեկավարների հրահանգով, որոնք աղերս չունեն Հայաստանի և հայկական շահի հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հայտնել են իրենց մտահոգությունը, ինքը նամակ է ուղարկել Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը, սեպտեմբերին էլ պատրաստվում է հանդիպել նրանց հետ։ Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց Սփյուռքին՝ հանգիստ չնայել այս իրավիճակին։ Նա կրկնեց, որ բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, ՀՀ ոստիկանապետը պետք է պաշտոնանկ արվի: Րաֆֆի Հովհաննիսյանը ընդգծեց, որ հիմա նժարի վրա է մեր պետականությունը։ « «Անուն և հասցե ունեն նրանք, որոնք ոստիկաններին ուղարկել էին իրենց քաղաքացիների դեմ ահաբեկչություն իրականացնելու… Ես պահանջում եմ նախագահի և խորհրդարանի արտահերթ ընտրություններ։ Եթե նորմալ քաղաքական գործընթացներով չի կարող հարց լուծվել, այդ ժամանակ կծնվեն «Սասնա ծռերը»: Մենք կունենանք նոր «Սասնա ծռեր», և այդ ծռերից մեկը կարող եմ լինել ես»։








































