Իտալական Rai News 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ու ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները կտուժեն, եթե Վաշինգտոնը չբավարարի իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման մասին Անկարայի դիմումը.
«Մենք նյութեր ենք պատրաստել մինչև հեղաշրջման փորձը։ Եվ ներկայումս այդ թղթապանակը լրացվել է։ Արտգործնախարարն ու արդարադատության նախարարը, ինչպես նաև իմ հատուկ բանագնացն այդ նյութերով կմեկնեն ԱՄՆ։ Այդ պարոնը (Գյուլենը) ու նրա կողմնակիցները ահաբեկիչներ են։
Երբ մեզ դիմում են արտահանձնման հարցով, մենք գլխավոր դաշնակիցներ ու գործընկերներ ենք։ (Գյուլենի արտահանձնումից) մերժումը վիրավորում է մեզ, մենք ամեն դեպքում ՆԱՏՕ-ի գծով գործընկերներ ենք։
ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բնականաբար չեն վերջանա, սակայն կտուժեն։ Մենք միայն խնդրում ենք Գյուլենին հանձնել թուրքական արդարադատությանը»։









































