Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշգունը լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման փորձին չեն մասնակցել երկրի ամբողջ զինված ուժերը, և որ դրան մասնակցել է միայն զինվորականների խումբը, ինչպես նաև Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպությունը:
Դիվանագետը ռազմական հեղաշրջման այդ փորձն անվանել է առանցքային ու վճռորոշ պահ Թուրքիայի նոր պատմության ընթացքում: Թուրք դեսպանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Թուրքիային աջակցելու համար:
Դեսպանն անդրադարձել է նաև Անկարայի ու Բաքվի միջև ռազմական հետագա համագործակցությանը՝ նշելով, որ Թուրքիայի զինված ուժերում կատարվող մի շարք մաքրումները ոչ մի կերպ չեն ազդի վրա վրա:
«Թուրքիան ու Ադրբեջանը համագործակցում են շատ ոլորտներում, այդ թվում նաև ռազմական ու պաշտպանական արդյունաբերության ոլորտներում: Երկու երկրներն իրականացնում և հետագայում էլ իրականացնելու են ավելի վաղ պլանավորած համատեղ զորավարժությունները»,- ասել է նա:
Ջոշգունը չի բացառել Թուրքիայի ռազմական դպրոցներում սովորող ադրբեջանցիների հանդեպ մի շարք փոփոխություններ անելու հնարավորությունը. «Ռազմական ուսումնական հաստատությունների փակման և Ազգային պաշտպանության համալսարանի ստեղծմամբ Թուրքիայում կարող են որոշակի փոփոխություններ լինել ադրբեջանցի կուրսանտների հանդեպ, որոնք ուսանում են այնտեղ»:










































