Եգիպտոսում զանգվածային հուզումները, որոնք հանգեցրին բանակի կողմից նախագահ Մուհամմադ Մուրսիի տապալման, դարձել են հասուն ժողովրդավարության կառուցման՝ երկրի էվոլյուցիոն ճանապարհի փուլերից մեկը: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը:
«Կարծում եմ՝ մենք դարձել ենք էվոլյուցիայի ականատեսներ: Ժողովրդավարությանը ժամանակ է պետք արմատներ ձգելու համար: Նայե´ք մեր երկրին: Նրանից 100 տարի պահանջվեց ստրկությունից ազատվելու համար: Ժողովրդավարությունը համբերություն է պահանջում: Ժողովրդավարությունը պահանջում է քաղաքացիական հասարակության կառուցում»,- նշել է ԱՄՆ 43-րդ նախագահը:
Բուշը վստահություն է հայտնել, որ Եգիպտոսում ժողովրդավարությանը վերջիվերջո կհաջողվի ամրապնդվել, և այլ երկրներին կոչ է արել օգնել Եգիպտոսի երիտասարդ սերնդին՝ հասկանալու, թե ինչպես ստեղծել քաղաքական կուսակցություններ և ինչպես տեղ զբաղեցնել քաղաքական գործընթացում:






































