Օգոստոսի 1-ին պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Զանելիձեին:
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Միխեիլ Զանելիձեն նշել է, որ հարևան երկրի արտգործնախարարի այցը Վրաստան նշանակալի իրադարձություն է, ինչը թույլ է տալիս շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի շուրջ:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ցուցաբերված ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր հնարավոր ոլորտներում:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Ընդգծվեց առկա ութսունից ավելի համաձայնագրեր ընդգրկող հարուստ իրավապայմանագրային դաշտի կարևորությունը, ինչը հնարավորություն է ընձեռում զարգացնել փոխգործակցությունը տարբեր բնագավառներում: Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների գերատեսչությունների միջև շարունակվում են ակտիվ փոխայցելություններն ու արդյունավետ համագործակցությունը։
Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկել են Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, միջազգային կառույցներում համագործակցության, տրանսպորտային փոխադրումների դյուրացման, էներգետիկ փոխգործակցության, մշակութային ոլորտում համագործակցության, ապակենտրոնացված մակարդակով շփումներին առնչվող հարցեր, հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացի խնդիրները։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մշակութային ժառանգության պահպանման շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը և Միխեիլ Զանելիձեն անդրադարձ են կատարել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին:
Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական կապերի առավել զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն` ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման նպատակով բանակցային գործընթացի առաջ մղմանը:
Հանդիպումից հետո նախարարներ Նալբանդյանը և Ջանելիձեն հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:
Պաշտոնական այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը ծաղկեպսակ դրեց Թբիլիսիի հերոսների հրապարակում։








































