Հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանական գործողությունների հետևանքուվ տուժեցին մի շարք լրագրողներ, այդ թվում՝ «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը։ Սակայն, որքան էլ ուշագրավ է, այսօր մեր գործընկերներին այցելել են քննիչներ և պարզվել է, որ մեր տուժած գործընկերները հարուցված քրեական գործում ներգրավված են որպես վկա։
Նշենք նաև, որ այսօր կտրուկ վատացել է մեր գործընկեր Դավիթ Հարությունյանի առողջական վիճակը և, երբ նա պատրաստվել է գնալ հիվանդանոց, քննչական բաժնի պետի տեղակալն այցելել է նրան և փորձել որպես վկա հարցաքննել։ Սակայն, վերջինս հրաժարվել է որևէ ցուցմուքն տալ, կամ որևէ փաստաթուղթ ստորագրել։ Նույնը տեղի է ունեցել նաև Մարիամ Գրիգորյանի հետ։ Մարիամը ևս հրաժարվել է ցուցմուքն տալուց, որին, որքան էլ զավեշտալի է, քննիչը զգուշացրել է, որ եթե նա ցուցմունք չտա, ապա քրեական պատասխանատվության կենթարկվի և չի կարող լքել հանրապետության տարածքը։ «Ես հիմա կոչ եմ անում Քննչական կոմիտեի ղեկավարությանը չգնալ նման քայլերի, մենք խորը անվստահություն ունենք քննչական մարմինների նկատմամբ և հրաժարվում ենք նրանց հետ գնալ որևէ համագործակցության։ Եվ հետո, քանի դեռ մեր լրագրողները գործում չեն ներգրավված որպես տուժող, մենք հրաժարվում ենք մասնակցություն ունենալ հարուցված գործի քննությանը»,- ասաց «Առաջին լրատվական»-ի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։








































