Չե Գևարայի մահվան՝ ավելի վաղ անհայտ հանգամանքների մասին հայտնի է դարձել լույս ընծայման պատրաստվող «Չե Գևարայի սպանությունը. մերկացում» գրքի շնորհիվ, հայտնում է Juventud Rebelde կուբայական պարբերականը:
Գրքի հեղինակներն են հեղափոխականի կյանքի հետազոտությամբ զբաղվող Ադիս Կուպուլն և Ֆրոյլան Գոնսալեսը:
Նրանց տեղեկություններով՝ մարդասպանները ոչ միայն կտրել են նրա ձեռքերը, այլև գլուխը մասնակի անջատել են մարմնից:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Չեի գլուխը կտրելու նախաձեռնությունը պատկանում է Բոլիվիայի այն ժամանակվա նախագահ Ռենե Բարիենտոսին, որն իբր ցանկացել է այն ուղարկել Կուբա, սակայն ԱՄՆ վարչակազմը դեմ է եղել: Արդյունքում՝ մինչ հուղարկավորությունը կտրել են «կոմանդանտեի» դաստակները ու տեղավորել հեղուկով տարայի մեջ: Ավելի ուշ դրանք հասցվել են Հավանա երկրից փախած բոլիվիացի նախկին նախարարի միջոցով:
Եթե հետազոտողների տեղեկությունը ստույգ է, ապա կարելի է ենթադրել, որ Բոլիվիայի իշխանությունները փորձել են այդուամենայնիվ իրականացնել իրենց մտահղացումը, պարզապես այն չեն հասցրել մինչև վերջ:
Հետազոտության հեղինակները հայտնում են Բոլիվիայի հատուկ ծառայությունների զինվորների անարժան պահվածքի մասին, որոնք Գևարային բռնել, ապա գնդակահարել էին Լա-Իգերա բնակավայրում 1967թ. հոկտեմբերին:
«Գրքում պատմվում է մարդասպանների վրդովեցուցիչ պահվածքի մասին. մի քանի բարձրաստիճան սպաներ յուրացրել են ապստամբների 4 Rolex ժամացույցները, ամերիկյան ու կանադական դոլարներ, բոլիվիական պեսո, որոնք Չեն՝ որպես ղեկավար, ունեցել է իր հետ»,- գրում է կուբայական պարբերականը:
Բացի այդ՝ զինվորականներից մեկը մոտեցել է դեռ ողջ, սակայն ծեծված Չեին, բռնել նրա մորուքից ու քաշել:
1967թ. Չե Գևարան իր ջոկատի հետ Բոլիվիայում էր՝ կազմակերպելու պարտիզանական շարժումը, սակայն հոկտեմբերի 8-ին վիրավորվեց ու պատանդ ընկավ Բոլիվիայի բանակի հատուկջոկատայիններին: Նրա գերեզմանը հաջողվեց գտնել միայն 1997թ., և աճյունը վերահուղարկավորվեց Կուբայում:













































