Կալիֆոռնիայի բանտարկյալների ներման դիմումները քննող հանձնախումբը երեկ մերժել է Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության մեղադրանքով դատապարտված Համբիկ Սասունյանի ներման դիմումը: Այս մասին հայտնում է «Ազդակ» պարբերականը:
Հանձնախումբը երեք տարի առաջ էլ էր մերժել դիմումը:
Նշենք, որ 1982 թվականին Սասունյանը և մեկ մեղսակից բանտարկվել էին թուրք հյուպատոսին սպանելու համար: Նրանք հանցագործությունն իրականացրել էին Հայոց ցեղասպանության համար վրեժ լուծելու նպատակով:
Սասունյանը մեղադրվել էր սպանության համար և դատապարտվել ցմահ ազատզրկման: Դրանից հետո հայ ակտիվիստների խումբը փորձել և մինչ այժմ փորձում է այնպես անել, որ նա ազատ արձակվի բանտից:
Շրջանային դատախազը նախկինում մերժել էր ազատ արձակել Սասունյանին, չնայած որ վերջինս խոստովանել էր մեղքը:
Հայորդին ներման դիմում կարող է գրել միայն երեք տարի հետո:











































