Այսօր՝ հուլիսի 3-ին դերասան Թոմ Քրուզը դառնում է 51 տարեկան: Այս կապակցությամբ արժե հիշել նրա, այսպես ասած, «ճակատագրական» սիրավեպերը:

Երգչուհի և դերասանուհի Շերը միայն մի քանի տարի առաջ է խոստովանել, որ Թոմի հետ սիրավեպ է ունեցել: Այդ ժամանակ Թոմը 23 տարեկան է եղել, Շերը՝ 39: Նրանց հարաբերությունները խզվել են, երբ Թոմը հանդիպել է Միմի Ռոջերսին:



Դերասանուհ Միմի Ռոջերսը Թոմ Քրուզի առաջին կինն է եղել: Նրանք ամուսնացել են 1987-ին և միասին ապրել մոտ 3 տարի: Հենց Միմին է Թոմին տարել սաենթոլոգների եկեղեցի: Թոմը դրա հետևորդն է մինչև օրս: Նրանք բաժանվել են, քանի որ Միմին չէր ցանկանում երեխաներ ունենալ, բացի այդ՝ արդեն սկսվել էր Թոմի և Նիկոլ Քիդմանի սիրավեպը:



Թոմը և Նիկոլը ծանոթացել են 1990-ին: Հենց նույն տարվա Ծննդյան տոների նախօրեին նրանք ամուսնացել են: Մի քանի տարվա համատեղ կյանքի ընթացքում երեխա չունենալուց հոտո նրանք ի վերջո որդեգրել են Իզաբելլա Ջեյնին և Քոնոր Էնթոնիին:



«Վանիլե երկինք» ֆիլմի նկարահանումների ժամանակ Թոմը ծանոթանում է դերասանուհի Պենելոպա Քրուսի հետ և սիրահարվում նրան, սակայն 3 տարի անց՝ 2004-ին զույգը բաժանվում է:



Դրանից մեկ տարի անց դերասանը կրկին սիրահարված էր և երջանիկ: Նրա նոր ընտրյալը դերասանուհի Քեթի Հոլմսն էր, ով 16 տարով երիտասարդ է Թոմից:
2005-ին Թոմը հրապարակայնորեն Քեթիին սիրո խոստովանություն է անում, իսկ 2006-ի ապրիլին ծնվում է նրանց դուստրը՝ Սուրին: Կես տարի անց սիրահարներն ամուսնանում են Իտալիայում:
Նրանց մեծ սերը, սակայն, չխանգարեց Քեթիին անցյալ տարի բաժանվել Թոմից:









































