Ռուսական պատվիրակությանը մոտ աղբյուրը, որը երեքշաբթի Բրունեյում ներկա է գտնվել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի բանակցություններին, հայտարարել է, որ Վաշինգտոնը համակերպվել է Սիրիայի հարցով միջազգային համաժողովի անցկացման նախաձեռնության անհաջողության հետ, և այժմ որոշվում է հարցը, թե ով առաջինը կհայտարարի ձախողման մասին:
Լավրովի ու Քերիի՝ թվով 7-րդ հանդիպումը հիմնականում նվիրված է եղել Սիրիային՝ ինչպես նախորդ հանդիպումների մեծ մասը: Սակայն եթե նախկինում երկու երկրների դիվանագիտությունների ղեկավարները լավատեսություն են հայտնել սիրիական հակամարտության դիվանագիտական լուծման հեռանկարների առնչությամբ, ապա հիմա տրամադրությունները փոխվել են: Պատճառը համաժողովի նախապատրաստման դժվարություններն են: Մինչ օրս չի հաջողվել համաձայնեցնել «Ժնև-2»-ի ամսաթիվն ու մասնակիցների կազմը:
Հանդիպման արդյունքներով Լավրովը հայտնել է, որ ամերիկացիները չեն հրաժարվում ժնևյան կոմյունիկեի հիման վրա սիրիական ընդդիմության համախմբմանը հասնելու փորձերից:
Նշենք, որ երեշաբթի Քերին հայտարարել էր՝ Սիրիայի հարցով համաժողովի անցկացումը կհաջողվի սեպտեմբերից ոչ շուտ:
Լավրովը հայտնել է, որ Քերիի հետ Սնոուդենի հարցը չեն քննարկել:








































