Դալլասում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանների վրա կատարված հարձակման հիմնական կասկածյալի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր, հրազենային զենքեր և զինամթերք՝ հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտնել է քաղաքային ոստիկանությունը՝ խուզարկությունը կատարվել է պահեստային զինծառայող 25-ամյա Միք Ջոնսոնի՝ Դալլասի արվարձանում գտնվող տանը:
Ոստիկանությունը նաև հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Ջոնսոնը ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ սպանվել է:
Պարզվել է, որ Միք Ջոնսոնը եղել է պահեստազորի զինծառայող: 2009 թվականի մարտից մինչև 2015 թվականի ապրիլը նա ծառայել է ԱՄՆ բանակում որպես պահեստային՝ առաջին կարգի շարքայինի կոչումով: 2013 թվականի նոյեմբերից մինչև 2014 թվականի հուլիսը նա գտնվել է գործուղման մեջ Աֆղանստանում:
Հինգշաբթի Դալլասում ոստիկանների կողմից 2 սևամորթ քաղաքացիների սպանության պատճառով բողոքի ցույցի ժամանակ հրաձգության արդյունքում դիպուկահարի հրացանից սպանվել են 5 ոստիկան, ևս 7-ը՝ վիրավորվել:
Հատուկ գործողության ժամանակ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել 3 կասկածյալների, իսկ չորրորդը՝ Միք Ջոնսենը, թաքնվել էր ավտոտնակում և մի քանի ժամ տևած դիմադրությունից հետո սպանվել է շենքը գրոհելիս: ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը հաստատել է, որ Ջոնսոնը գործել է միայնակ և կապ չի ունեցել միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ:













































