Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, որը հրաժարական տվեց 2011թ. երկրում տեղի ունեցած ապստամբության հետևանքով, երկրի գործող նախագահ Մուհամմադ Մուրսիին կոչ է արել հետևել իր օրինակին՝ հաղորդում է Al Arabya-ն:
Մուբարաքի խոսքով՝ Մուրսիի դեմ բողոքի ցույցերի ծավալն էականորեն գերազանցում է 2011թ. ցույցերին, որոնց հետ բախվել է ինքը, այդ պատճառով նախագահը պետք է լքի պաշտոնը՝ «հանուն Եգիպտոսի ժողովրդի»:
Նախկին նախագահը նշել է, որ երկու տարի առաջ ինքն իշխանությունից հեռանալու որոշում կայացրեց, որպեսզի թույլ չտա արյունահեղություն՝ չնայած մինչ այդ պահն աշխատել էր որպես նախագահ ավելի քան 30 տարի:
Հիշեցնենք, որ ներկա պահին Հոսնի Մուբարաքը կալանքի տակ է: Նա մեղադրվում է բազմաթիվ հանցագործությունների մեջ, այդ թվում՝ 2011թ. հեղափոխության ժամանակ ցուցարարների սպանության:









































