Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականից հետո մամուլում նոր մարզպետի մի քանի անուններ են շրջանառվում: Նրանցից մեկը Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանն է:
Վերջինս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, խոսելով շրջանառվող լուրերի մասին, ասաց․ «Ես այդ մասին այնքան եմ տեղեկացված, ինչքան որ դուք: Համենայնդեպս, եթե նման բան լինի, դա կլինի քաղաքական որոշում: Մարզպետն ընտրովի պաշտոն չէ։Այդ որոշումը եթե լինի պետք է լինի կառավարության ներքո, այսինքն այն կորոշի կոալիցիոն կառավարությունը։ Ամեն դեպքում ես Հանրապետական կուսակցության անդամ եմ, Քաջարանի շրջանային կազմակերպության նախագահ, և մինչ այսօր նման ակնարկ անգամ չի եղել»:
Վ. Գևորգյանից հետաքրքրվեցինք նաև, թե ճի՞շտ է, որ մարզում վախի մթնոլորտ կա, և որ սյունեցիները հատկապես Սուրիկ Խաչատրյանից են վախենում: Մեր զրուցակիցը, հերքելով տեղեկությունը, նշեց, որ մի մեծ ավտոբուս կուզեր վարձել, բոլոր լրագրողներին տանել Սյունիք, որպեսզի տեսնեն և համոզվեն, որ նման բան չկա․ «Սուրեն Խաչատրյանն իմ մարտական ընկերն է, նա միշտ պաշտպանել է քաղաքացիներին ու հոգ տարել նրանց մասին, նրանց համար մեծ հենարան է եղել։ Ուղղակի երբ մարդիկ հարգանք ու պատիվ են ունենում, նրանց սկսում են վատաբանել, միշտ էլ կան չարախոսներ»:
Մեր այն դիտարկմանը, թե մարդիկ սկսեցին Սուրեն Խաչատրյանին վատաբանել այն բանից հետո, որբ նա ապտակեց գործարար Սիլվա Համբարձումյանին, Վ. Գևորգյանն արձագանքեց հետևյալ կերպ. «Եկեք չխորանանք այդ ամենի մեջ, գիտեք՝ ես էլ անթերի չեմ, դուք էլ։ Ընդհանրապես մարդն իր գործած սխալներից է սովորում, հնարավոր է՝ մի օր իմ աշխատողն էլ ուշացած գա, որովհետև երեկոյան երեխայի ատամն էր ցավում, հնարավոր է՝ տրանսպորտի մեջ միջադեպ լինի, բարկացնի մարդկանց… Ամեն ինչ էլ կյանքում պատահում է, պետք է չէ կառչել դրանից: Սուրեն Խաչատրյանին անհրաժեշտ է գնահատել իր կատարած բարի գործերի համար»:
Հարցին, թե ո՞վ պետք է լինի Սյունիքի հաջորդ մարզպետը, որ իր իսկ խոսքերով ասած՝ «բարի գործեր կատարած» Ս. Խաչատրյանի գործունեությունը շարունակի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Սուրեն Խաչատրյանը մարզի զարգացման ծրագիր էր մշակել, անհրաժեշտ է այն ի կատար ածել։ Հիմա չգիտեմ՝ ով կլինի, երբ կնշանակվի, բայց Սյունիքը մեծ կարևորություն ուենցող տարածաշրջան է, կցանկանամ, որ այդ մարդը լինի այնքան սյունեցի, որքան որ Սուրեն Խաչատրյանն էր»:
Հետքրքրվեցինք նաև, արդյո՞ք Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, չի կատարել այն հանցագործությունները, որոնք պարբերաբար մամուլում հրապարակվում են և որոնցից մեկի համար նա այժմ ձերբակալված է։ «Մենք իրավական պետությունում ենք ապրում, ո՛չ ես, ո՛չ էլ մյուսները իրավունք չունեն դեպքի կապակցությամբ իրենց կարծիքը հայտնել։ Որպես իրավական պետության ջատագով՝ հիմա ոչինչ ասել չեմ կարող դեպքի կապակցությամբ: Իսկ Տիգրանին մանուկ հասակից ճանաչում եմ, ոչ մի վատ արարք չի գործել։ Գիտեք, յուրաքանչյուրին կարելի է վատաբանել, բայց ես անձամբ միայն լավն եմ տեսել»,- իր խոսքը եզրափակեց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը:







































