Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադարձավ ԸՕ փոփոխությունների համար անհրաժեշտ ֆինանսավորման ձեռքբերման խնդրին:
«Մինչև սեպտեմբերի մեկը բազմաթիվ խոսակցությունների, ասեկոսեների ականատեսը կլինենք: Մենք այս փուլով, այս գործընթացով մեկ բան կյանքի կկոչենք, դա այն է, որ լինի համապատասխան գումարը, և պատշաճ ձևով կատարվեն այն փոփոխությունները, որոնք նախատեսված են, բոլորի նպատակը դա պետք է լինի, այս դեպքում և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը, և՛ միջազգային հանրությունը շահագրգռված են»,- նշեց Հ. Սահակյանը:
«Մեր գերխնդիրն է, որ կարողանանք մինչև 2017 թ. համապետական ընտրությունները ունենալ լիակատար գործող համակարգ, որի համար նախևառաջ պետք է նաև գրագետ մարդկային ռեսուրս, որովհետև այս փոփոխությունների արդյունքում ունենալու ենք նոր էլեկտրոնային տեխնիկա, սարքավորումներ, որոնցից օգտվելու համար պետք է համապատասխան պատրաստություն, և այս բոլոր գործընթացները մենք պետք է կարողանանք հասցնել պատշաճ կազմակերպել»:
Հ. Սահակյանը անդրադարձավ նաև Գյումրիում և Վանաձորում սպասվող ՏԻՄ ընտրություններին պիլոտային ծրագրի իրականացման հնարավորությանը: «Միշտ նշել ենք և այսօր էլ այդ նույն կարծիքին ենք, որ պետք է հասցնենք գոնե սարքավորումների առումով, որպես պիլոտային ծրագիր իրականացնել, եթե չի ստացվի, ապա այդ ընթացքում եթե կլինեն համայնքային ընտրություններ, կկիրառենք, որպեսզի զուտ կազմակերպչական առումով, բացերը ի հայտ գան և հետագայում՝ համապետական ընտրությունների ժամանակ, դրանք շտկված լինեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































