Հուլիսի 1-5-ը Թբիլիսում անցկացվել է ԵԱՀԿ խորհրդի խորհրդարանական վեհաժողով: Հայաստանյան պատվիրակության երեք ներկայացուցիչները՝ ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանը, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը և ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը ներկայացված էին համապատասխան երեք հանձնաժողովներում՝ Քաղաքական հարցերի, Տնտեսական, շրջակա միջավայրի, տեխնոլոգիաների զարգացման, Ժողովրդավարության ու մարդու իրավունքների: Հանձնաժողովներում քննարկվել են ամենատարբեր հարցեր: Երբ խնդիրն առնչվել է Ղրիմի բռնակցմանը և ուկրաինական ճգնաժամին, ՀՀԿ-ական պատգամավոր, հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը դեմ է քվեարկել՝ հետևելով դեմ քվեարկած միայն ռուսաստանցի պատգամավորներին:
Պատգամավոր Թևան Պողոսյանը Արտաշես Գեղամյանի դիրքորոշումը զարմանալի չի համարում, ասում է՝ մի քիչ անձից, մի քիչ էլ կուսակցական դիրքորոշումից է կախված:
Միքայել Մելքումյանը նշում է. «Մենք հիմնականում պաշտպանում ենք ՀՀ պետական շահերը: Այնտեղ, որտեղ կլինեն չեզոք խնդիրներ, մենք կունենանք պոզիտիվ դիրքորոշում»:
Մելքումյանը հավելում է, որ վեհաժողովում «Թբիլիսիի հռչակագիր» կոչվող փաստաթղթին ինքն ու Ս. Դեմիրճյանը չեն մասնակցել, քանի որ, ըստ նրա, որոշ դրույթներ կարող էին մեր ազգային շահերին դեմ լինել:
Մելքումյանի խոսքով՝ ինքը բավականին սուր ելույթներ է ունեցել, որոնք անարձագանք չեն մնացել, սակայն թուրք և ադրբեջանցի պատգամավորների կողմից բովանդակային հակադարձման չեն արժանացել: Մելքումյանը բարձրաձայնել է ադրբեջանական ագրեսիայի, Հայոց ցեղասպանության մասին, դատապարտել նաև ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին: Նրա խոսքով՝ ռուս պատվիրակներն առանձնապես ոգևորված չէին:
Մանրամասները՝ տեսանյութում:







































