Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին Ռամադան ամսվա ավարտին նվիրված աղոթքի ժամանակ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի հատուկ ծառայություններին մեղադրել է «ահաբեկչություն աճեցնելու» համար:
«Դժբախտաբար, այսօրվա տոնը մթագնվել է ոչ վաղ անցյալում Իրաքում, Թուրքիայում, Բանգլադեշում, տարածաշրջանի մի շարք երկրներում կատարված ահաբեկչությունների պատճառով:
Ծայրահեղականներն իրենց տերերի հրամանով փորձում են «իրական իսլամ» հասկացությունը փոխել «կեղծ ու խեղաթյուրված իսլամ» հասկացության հետ: Դա հանցանք է, դա ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու սիոնիստական ռեժիմի հատուկ ծառայությունների կողմից ահաբեկիչներին հովանավորելու արդյունքն է: Հենց նրանք են աճեցրել ահաբեկչություն»,- ասել է նա:
Խամենեին ափսոսանք է հայտնել Սիրիայում, Եմենում, Լիբիայում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ՝ հավելելով, որ որոշ ուժեր ուռճացնում են տարածաշրջանի հակամարտությունները՝ փորձելով այդպիսով հետին պլան մղել Պաղեստինի թեման:
«Պաղեստինի ազատագրման համար պայքարը շարունակելը համամուսուլմանական պարտք է և պարտականություն: Այդ հարցին միայն արաբական բնույթի կամ ներքին շրջանակ հաղորդելը սխալ է»,- ասել է հոգևոր առաջնորդը:








































