Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը շարունակում է առաջատար մնալ վրացական գինու ներկրողների շրջանում:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Վրաստանից Ռուսաստան արտահանվել է մոտ 10.2 միլիոն շիշ գինի: Դա 56 տոկոսով ավելի է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ: Այս մասին նշված է Վրաստանի Գինու ազգային գործակալության հայտարարության մեջ:
Ընդհանուր առմամբ 2016 թվականին Վրաստանից արտահանվել է ավելի քան 19.8 միլիոն շիշ (0.75 լիտր) գինի, ինչը 44 տոկոսով ավելի է՝ համեմատած 2015 թվականի տվյալների հետ:
Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Վրաստանից աշխարհի 40 երկրներ արտահանվել է 46.6 միլիոն դոլարի գինի, ինչը 18.8 տոկոսով գերազանցում է 2015 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշը:
Քանակական առումով վրացական գինու ներկրման ծավալով երկրորդ տեղում Ուկրաինան է՝ 2.3 միլիոն շիշ գինի (արտահանման աճը կազմել է 82 տոկոս): Երրորդ տեղում հայտնվել է Չինաստանը՝ 1.9 միլիոն շիշ գինի (148 տոկոսի աճ): Առաջատար հնգյակում են նաև Ղազախստանը՝ 1.8 միլիոն շիշ գինի և Լեհաստանը՝ 1.1 միլիոն շիշ գինի:







































